26 12 2019

Քաղաքացիական պատերազմի շեմին ենք. Սարգիս Գրիգորյան․ 168.am



Դերասան Սարգիս Գրիգորյանի հետ 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայտարարությանը միանալու պատճառների, Նիկոլ Փաշինյանին ուղղված իր բաց նամակի, երկրում առկա անհանդուրժողականության մթնոլորտի և այլ հարցերի մասին:

– Պարոն Գրիգորյան, Դուք այն 60 մշակութային գործիչների թվում էիք, որոնք միացել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայտարարությանը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց սոցիալական ցանցերում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ եք դուք միացել այդ հայտարարությանը։

– Ամենաքիչը 6 կետ կա, որ ինձ համար համոզիչ էր: Առաջին՝ մեր երկրի հեղինակությունը, որ մենք հենց այնպիսի մարդու չենք դատում, այլ նա երկու հայկական պետությունների նախագահն է եղել, երկրորդ՝ Արցախի հերոս, երրորդ՝ ռազմական ու պատերազմական ծանրակշիռ ուղի անցած անհատ: Չորրորդ՝ ինձ համար շատ կարևոր էր, որ մի մարդ, ում վկայի կարգավիճակով կանչեցին Հայաստան, ու համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ էր, որ շատ հեշտ է վկայի կարգավիճակից մեղադրյալի կարգավիճակի անցնելու, բայց մարդը եկավ՝ պարզ ճակատով փորձեց պատասխանել հարցերին: Հաջորդը՝ Արցախի երկու նախագահները՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, տվեցին իրենց երաշխիքը, որ Ռոբերտ Քոչարյանը չի լքի երկիրը կամ ինչ-ինչ քայլեր չի անի: Եվ ամենակարևորը՝ հումանիզմը: Այս կարևոր քայլերն ինձ համար շատ ծանրակշիռ փաստեր էին, որ ես ստորագրեմ այդ փաստաթղթի տակ:

Մենք անընդհատ խոսում ենք՝ քրիստոնյա երկիր, մարդասիրություն, բայց այդ ամենը պետք է ցույց տանք: Արդեն երկրորդ Նոր տարին է՝ մարդն իր ընտանիքի հետ չի անցկացնում: Թող դատը գնա, եթե մեղավոր կճանաչվի, ի սեր Աստծո, թող կրի իր պատիժը: Դա միայն Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում, այլ բոլորին՝ ով մեղավոր է՝ պետք է կրի իր պատիժը, դա նորմալ է: Բայց մինչ այդ՝ դատը կարող է 7 տարի, 10 տարի ժամանակ գնալ, թող գնա, գա, իր դատավարությանը մասնակցի: Ինձ մոտ համոզմունք կա, որ Ռոբերտ Քոչարյանը ո՛չ կփախչի, ո՛չ հետ կկանգնի այդ ամենից:

– Ասում են՝ ազդեցություն կունենա գործի վրա:

– Ես չեմ կարծում: Ես կարծում եմ, որ բոլոր լծակներն իշխանության ձեռքին են, բոլոր ինֆորմացիաներն իրենք կարող են մանրակրկիտ ստուգել, ու կարծում եմ՝ հավանականությունը 1 տոկոս կլինի, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել:

– Այդ հայտարարությանը միանալու առաջարկն ինչպե՞ս է եղել, տեքստին ամբողջությամբ ծանո՞թ եք եղել․ հարցնում եմ, որովհետև սոցիալական ցանցերում ձեր դեմ սկսված հարձակումներից հետո այդ հայտարարությանը միացած որոշ գործիչներ նշեցին, թե բովանդակությանը ծանոթ չեն եղել։

– Նախ՝ ես երբեք ոչ մի կուսակցության չեմ պատկանել, ոչ մի կուսակցության շահերը չեմ պաշտպանել, ես քաղաքացի եմ եղել, որը գնահատել է այս կամ այն կուսակցության լավ արարքները և քննադատել այն արարքները, որոնք, ըստ իս՝ իբրև քաղաքացի, չի բխում քաղաքացու շահերից: Մարկետում առևտուր էի անում, զանգ հնչեց կնոջս՝ բա գիտեք՝ մենք այս-այս մարդիկ ենք, ցանկություն կունենա՞ք միանալու: Մանոն շատ բարեհամբույր ասաց՝ տեքստը կուղարկե՞ք: Տեքստն ուղարկեցին, մենք ընթերցեցինք և երկուսով միացանք: Ու ես խնդրում եմ՝ տեքստը կարդացեք, հարգելի քաղաքացիներ: Վերնագրերով չի կարելի մարդուն ցեխը գցել:

– Օրերս, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ձեր ինստագրամյան էջում գրել էիք երկրում առկա ատելության մթնոլորտի, դրանից բխող հնարավոր վտանգների մասին և խնդրել էիք վերացնել սևն ու սպիտակը, քանի դեռ ուշ չէ։ Ինչո՞ւ երկրում արմատավորվեց այս ատելության մթնոլորտը, ի՞նչ կապ ունի այստեղ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, որի մասին խոսվում էր հենց այն հայտարարության մեջ:

– Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը սենսացիա էր: Ամեն երկրում չէ, որ նախագահի հանդեպ միանգամից այսպիսի քայլեր են ձեռնարկվում, և դրա շուրջ սկսեց սև-սպիտակն ավելի արմատավորվել: Ինձ մեկ-մեկ հարցնում են՝ սպիտակ վերնաշապիկ կրելը դու ես առաջարկել, հիմա ինչո՞ւ ես ասում՝ սև-սպիտակի են բաժանում: Ո՛չ, ես այսպիսի սև-սպիտակ չեմ ուզել տեսնել, ես ընդհանրապես չեմ ուզել սև տեսնել, ես ուզել եմ, որ ամեն ինչ պայծառ և գեղեցիկ լինի, որ ինչ-որ բան փոխվի այս երկրում, դեպի լավը գնա:

– Ի՞նչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը, Դուք նրան էիք դիմել:

– Պետք է վերացնի. Հայաստանի համար մեկ իշխանավորը ի՞նչ կարող է անել, եթե ունի բոլոր լծակները: Ես խոսում եմ՝ որպես քաղաքացի, ովքեր ինձ ճանաչում են՝ գիտեն՝ իմ գործը շիտակ է: Այստեղ խնդիրն այլ է: Ես կարծում եմ, որ սա անվտանգության լուրջ խնդիր է, որովհետև արդեն չափը ահավոր անցնում են, մտնում են ընտանիքներ, երեխեքիս են գրում… Տեր Աստված, այնպիսի խոսքեր են գրում, որ մի պահ ուզում էի վեր կենալ, գնալ ԱԱԾ-ի կողքը նստել, ասել՝ ժողովուրդ, հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, մենք խոսում ենք անվտանգությունից, բայց ներսից իրար կեղեքում ենք, իրար «մորթում», ատում ենք: Գիտե՞ք՝ շատ հրաշալի է, երբ ասֆալտը որակով է և լավ ասֆալտ է արած, շատ կարևոր է, երբ մեր զինվորը քաղցած չէ, շատ լավ է, որ էլի ռազմական տեխնիկա ենք ստանում, բայց պետք է սովորենք առաջինը երկրորդայինից տարբերել:

Ես ամեն ինչ իմ ընտանիքից եմ սկսում. Իմ ընտանիքն իմ պետությունն է, ես էլ իմ ընտանիքի վարչապետն եմ, եթե այս քայլն իմ ընտանիքում անեմ, դա լա՞վ է, թե՞ վատ, ու նոր դա ես վերածում եմ ընդհանուր պետության: Եթե քո տան պատերը ոսկուց են, ամեն ինչ հրաշալի է կառուցված, սառնարանդ լիքն է, բայց տանդ կա ատելություն, դավաճանություն, սիրո բացարձակ բացակայություն, ուրեմն այդ ոսկուց պատերը ոչ մեկի աչքին չեն գալու, այդ ասֆալտը, այդ ամենը ոչ մեկիս պետք չէ, եթե մեր երկրում մեկս մյուսին ատում ենք, հայը հային կեղեքում է: Քաղաքացիական պատերազմի շեմին ենք կանգնած, ուղղակի ժամանակի հարց է, եթե այս ճանապարհով գնանք:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ