26 12 2019

Մահացել է Հրաչիկ Կարապետյանը

Մահացել է Հրաչիկ Կարապետյանը

Կյանքի 86-րդ տարում վախճանվել է ՀԿԿ կենտկոմի, այնուհետև՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործերի կառավարիչ Հրաչիկ Կարապետյանը:

«Խորը վշտով և կսկիծով հայտնում ենք, որ դեկտեմբերի 25-ին կյանքի 86-րդ տարում վախճանվել է ՀԿԿ կենտկոմի, այնուհետև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործերի կառավարիչ Հրաչիկ Կարապետյանը:

Մեծ ցավով ենք հայտնում մեր գործընկերոջ՝ կյանքից հեռանալու մասին լուրը, գործընկերոջ, ով իր բազմամյա փորձառությամբ և անձնուրաց նվիրումի շնորհիվ անգնահատելի ավանդ է ունեցել նորանկախ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության կազմավորման գործում՝ միաժամանակ հանդիսանալով նաև բարձր պրոֆեսիոնալիզմի և հայրենասիրության օրինակ ԱԳՆ-ում աշխատած և աշխատող բազմաթիվ սերունդների համար»,– ասվում է այս առնչությամբ ԱԳՆ տարածած հայտարարությունում:

Հրաչիկ Աշոտի Կարապետյանը ծնվել է 1933թ. Երևան քաղաքում: 1956թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետի երկրաբանության բաժինը:

1962թ. ավարտել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Լենինգրադի ռադիոքիմիայի ինստիտուտի ասպիրանտուրան:

1974-1988թ. զբաղեցրել է ՀԿԿ կենտկոմի գործերի կառավարչի պաշտոնը՝ միաժամանակ լինելով նաև ԽՍՀՄ արտաքին տնտեսական կապերի նախարարության լիազոր:

1991թ. սկսած աշխատանքային գործունեությունը շարունակել է ՀՀ ԱԳ նախարարությունում՝ որպես ՀՀ ԱԳՆ գործերի կառավարիչ (1991-1993թթ.), ՀՀ ԱԳՆ ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ (1993-1997թթ.), այնուհետև՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարի խորհրդական, վարչատնտեսական բաժանմունքի տնօրեն, իսկ 1998-1999թթ. կրկին նշանակվել է նախարարության գործերի կառավարչի պաշտոնում: 1997թ. շնորհվել է «խորհրդական» դիվանագիտական աստիճան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ