Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ փլուզվել է Հալաբյան փողոցի թիվ 19ա հասցեում գտնվող թիվ 1 զինկոմիսարիատի (2 հարկանի շինություն) 1-ին հարկի սենյակներից մեկի (ծառայում է որպես դահլիճ) հատակը (մոտ 30 քմ): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1 տուժած հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Իրավիճակը պարզաբանելու նպատակով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը մեկնել է Արմենիա ՀԲԿ, որտեղ պարզվել է, որ հոսպիտալացվել են Էրիկ Վ.-ն (ծնված 2001 թ.), Հայկ Մ.-ն (ծնված 2001 թ.), Արթուր Մ.-ն (ծնված 2001 թ.), Խաչատուր Թ.-ն (ծնված 2001 թ.), Գրիգոր Թ.-ն (ծնված 2001 թ.), Միհրան Ա.-ն (ծնված 2001 թ.), Ժորա Ա.-ն (ծնված 2001 թ.), Ռաֆիկ Մ.-ն (ծնված 2001 թ.), Աշոտ Ի.-ն (ծնված 2001 թ.), Հայկ Մ.-ն (ծնված 2000 թ.), Տիգրան Հ.-ն (ծնված 2001 թ.), Արտաշես Ն.-ն (ծնված 2001 թ.), Անահիտ Ա.-ն (ծնված 1957 թ․) և Նաիրա Մ.-ն (ծնված 1974 թ․):
Բժիշկները Նաիրա Մ.-ի, Հայկ Մ.-ի (ծնված 2001թ.) և Էրիկ Վ.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:Փրկարարները սահմանազատել են տարածքը և հավաքակայանի փլուզված հատվածին հարակից սենյակից 3 անձի դուրս են բերել արգելափակումից:Դեպքի վերաբերյալ տեղեկացվել են ՀՀ ԿԵ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ԿԵ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը