«Գազպրոմ Արմենիա»–ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ընկերությունը սպառած գազի դիմաց «հավելագրումների», «տեսուչ-բաժանորդ մաղարիչով գործարքների», անորոշ ու անանուն դժգոհությունների արծարծումները մամուլում ոչ միայն զուրկ են մասնագիտական հիմնավորումներից, այլև չեն ծառայում նպատակին՝ հնարավոր խնդիրները վեր հանելու և համակարգային լուծումներ գտնելու տեսանկյունից: Հայտարարությունում ասվում է. Ջեռուցման սեզոնին բնական գազի սպառման ծավալների աճով, ինչպես նաև գազօգտագործման անվտանգության խնդիրներով պայմանավորված՝ լրատվամիջոցների և սպառողների կողմից ավելի հաճախակի են դառնում մատակարար-բաժանորդ հարաբերություններին առնչվող հարցադրումները: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը աշխատել և աշխատում է թափանցիկության սկզբունքով և պատրաստ է համապարփակ տեղեկատվություն տրամադրել թե լրատվամիջոցներից ստացվող հարցադրումների, թե բաժանորդների կողմից բարձրացված յուրաքանչյուր անհամաձայնության կամ անհատական բողոքի վերաբերյալ: Ընկերություն դիմած, Թեժ գծով և պաշտոնական կայքում գործող «Հետադարձ կապ» բաժնով ստացված հասցեական դիմումներն ու բողոքները ուսումնասիրվում են համապատասխան ստորաբաժանումների ու մասնագետների կողմից՝ սպառողին ներկայացնելով սպառիչ և մասնագիտորեն հիմնավորված պարզաբանումներ:
Ցավոք, մամուլում և սոցցանցերում երբեմն նաև բացասական շեշտադրումներով ուղեկցվող վերնագրերն ու հրապարակումները ներկայացնում են առավելապես անհասցե ու չփաստարկված բողոքներ, ինչը միանշանակ չի կարող հիմք հանդիսանալ սպառողների խնդիրներն ու հարցերը սահմանված կարգով ուսումնասիրության առարկա դարձնելու, հետևաբար՝ խնդիրներին լուծում տալու, հարցերին պատասխանելու համար:
Սպառած գազի դիմաց «հավելագրումների», «տեսուչ - բաժանորդ մաղարիչով գործարքների», անորոշ ու անանուն դժգոհությունների արծարծումները մամուլում ոչ միայն զուրկ են մասնագիտական հիմնավորումներից, այլև չեն ծառայում նպատակին՝ հնարավոր խնդիրները վեր հանելու և համակարգային լուծումներ գտնելու տեսանկյունից:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հորդորում և իր պատրաստակամությունն է վերահայտնում ուսումնասիրել և պարզաբանումներ ներկայացնել բոլոր փաստական հարցադրումների և հասցեական բողոքների վերաբերյալ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը