Panorama.am-ը գրում է.
Կարող ենք ասել ճաշակի հարց է, երբ ՀՀ բնակիչներից մեկին դուր են գալիս բրդուճային ամանորյա հեքիաթները, իսկ մյուսին՝ պետության առջև ծառացած խնդիրների լուրջ ու բազմակողմանի վերլուծությունները։ Բայց երբ տոնական գիշերվա ճաշացանկ թելադրողը երկրի գործող վարչապետն է, իսկ համապարփակ տեսակետ ներկայացնողը կալանքի տակ գտնվող էքս-նախագահն է, ապա խոսքն այս դեպքում և՛ ասողների, և՛ լսողների քաղաքացիական դիրքորոշման և ինտելեկտի մասին է։
Հենց այս պատճառով էլ, ինչպես վերջիններիս համար ընդունելի չեն վարչապետի լայվերի ու ելույթների ծանծաղ բովանդակությունն ու անվայելուչ բառապաշարը, այնպես էլ առաջինների համար անընկալելի են ՀՀ երկրորդ նախագահի վերանձնական վերլուծություններն ու պետական մտածողությունը։ Չէ որ շա՜տ տարբեր հարթություններում են վարչապետի լայվերն ու էքս-նախագահի լայն մտահորիզոնը։
Օրերս «Հրապարակ» օրաթերթում հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը ։ Սա հերթական հեռակա հարցազրույցն էր, երբ պարոն Քոչարյանը պատասխանում էր մեկուսարան ուղարկված հարցերին։ Եվ նախորդների նման սա նույնպես պարունակում էր Հայաստանում և Արցախում կատարվող իրադարձությունների, ներքին և արտաքին մարտահրավերների խորքային գնահատականներ, ինչը երբեք չենք լսում գործող պաշտոնյաներից։ Հարցերի ընդգրկումը բավականին լայն է, և բոլորն էլ ստացել են հստակ ու դիպուկ պատասխաններ, ինչի մասին կարելի պատկերացում կազմել մի քանի մեջբերումներից։ - Մարտի 1-ի գործով սպասելիքներն արդարադատությունից․ «Շինծու գործը չի կարող իրավական հեռանկար ունենալ: Սակայն, հաշվի առնելով իրավական ամենաթողությունը, ներկա իշխանությունների օրոք այս քրեական գործով վերջնական հանգուցալուծմանը կարելի է սպասել ՄԻԵԴ-ի միջամտությամբ»:
- Իր հասցեին հնչող քննադատությունների առումով․ «1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին և ընդհանրապես՝ ՀՀՇ ամբողջ վերնախավին: Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ: Ցանկացած նախագահ ունի քաղաքական հակառակորդներ, որոնք կարող են իրենց կողմնակիցներին ապակառուցողական էմոցիաներ հաղորդել։»
- Հայաստանյան ներքաղակական վիճակի մասին․ «․․․ իշխանությունների ուղղակի «վաստակն» է, որ արմատավորում են ատելությունն ու չարությունը՝ որպես քաղաքական գործիք: Չարացած վիճակում գտնվող մարդիկ ավելի են ենթակա մանիպուլյացիաների և պատրաստ են իրենց դժգոհությունը կյանքից ուղղել ցանկացած մեկի վրա՝ մնում է միայն մի հակահերոս նշանակել: «Կծեփենք պատերին եւ կփռենք ասֆալտին» բանաձևը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության և ցնծացող «պողոսների» թերարժեք հոգեվիճակի մասին»:
- Արցախի առաջիկա նախագահական ընտրությունների և բանակցային գործընթացի մասին․ «Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի և հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ: Միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետևանքներից: Ընդ որում, Արցախը պարտավոր է հենվել իր Անկախության հռչակագրի և Սահմանադրության վրա՝ չվախենալով ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից»:
- Կանխատեսվող քաղաքական սցենարների մասին․ «Ակնառու է երկու տրամագծորեն հակառակ ուղղվածության արագացող գործընթացների բախումը: Մի կողմից՝ արբեցնող էյֆորիայից հետո վերականգնվում է հասարակության ադեկվատությունը: Մյուս կողմից՝ իրեն Հիսուս Քրիստոս երևակայող անձնիշխան վարչապետը կորցնում է ադեկվատությունը: Դա բազմապատկում է նրա ժողովրդականության անկման արագությունը և թույլ է տալիս վստահ լինել, որ այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով»:
Ավելացնելու, մեկնաբանելու կամ ավելի մատչելի դարձնելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է ընթերցել հարցազրույցը։ Թերևս միայն պետք է ասել, որ զարմացնում է տարիուկես ապօրինությունների ենթարկվող մարդու լայնախոհությունը․ պատասխաններում չկա անձնական խնդիրները առաջ մղելու միտում, չկա չարացվածություն, չկա նեղացվածություն։ Կա, և ամեն տողում զգացվում է մտահոգվածությունը Հայաստանի և Արցախի ճակատագրերի համար։
Իհարկե, միամտություն կլինի կարծել, թե հարցազրույցը կընթերցեն լայվերի սիրահարները, ովքեր «զահլա չունեն» չորս-հինգ տողից ավել կարդալ։ Բայց դա կարևոր էլ չէ, քանի որ հասարակության իրական պատկերը նրանք չեն, այլ ընտրություններին չմասնակցած 52 տոկոսը։ Ցանկալի կլիներ, որ հարցազրույցը կարդային հենց այդ 1 332 000 քաղաքացիները, որոնց գուցև ժամանակ էր պետք հստակեցնելու սեփական վերաբերմունքը երկրում կատարված փոփոխություների և դրանց հետևանքների վերաբերյալ։ Հաստատապես, արդեն կողմնորշվելու ժամանակն է։ Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ «Եկել է տեղի ունեցողի սթափ վերաիմաստավորման և վերագնահատման փուլը, իսկ իշխանությունների ապաշնորհությունն այդ գործընթացի լավագույն խթանիչն է»:
Լիա Իվանյան, հրապարակախոս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը