05 12 2019

Կթույլատրվի աջակողմյան մեքենաների ներմուծումը և Հայաստանում ղեկի տեղափոխումը

Կթույլատրվի աջակողմյան մեքենաների ներմուծումը և Հայաստանում ղեկի տեղափոխումը

Կառավարությունը դեկտեմբերի 5-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում, որով նախատեսվում է Վերամշակում՝ ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը լրացնել թեթև ավտոմոբիլներ տողով: Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար բագրատ բադալյանը՝ նշելով, որ դա հնարավորություն կտա աջ ղեկով ավտոմեքենաները առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան և ՀՀ տարածքում իրականացնել աջ ղեկը ձախ դարձնելու գործընթացը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փաստորեն ժամանակավոր ներմուծում ռեժիմով թույլ է տրվում աջ ղեկով մեքենաները բերել, ՀՀ տարածքում ղեկային կարգավորումները փոխել, որից հետո միայն հաշվառվի և շահագործվի: «Մենք այսօր խնդիր ունենք, որ աստղաբաշխական թվով մեքենաներ են ներկրվում Հայաստան, և քանի որ 2020 թվականի մաքսային ռեժիմի փոփոխություն է լինելու, ենթադրում եմ, որ այստեղ կտրուկ անկում պիտի լինի, բայց պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Պետք է հասկանանք, թե որքան Հայաստանից դուրս գնաց, որքանը մնաց ՀՀ-ում և դա ինչ մարտահրավեր է բերում»,- ընդգծեց Փաշինյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց քննարկել ընդհանրապես, աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան, անգամ եթե ղեկը փոխված է: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյաննն էլ նկատեց, ըստ էության, գեներացնում են վթարի պոտենցիալ օբյեկտ հանդիսացող շարժական գույքի ծավալներ Հայաստանում: Արձագանքելով՝ վարչապետը նշեց. «Եկեք պայմանավորվենք, որ էս խմբաքանակն էլ դուրս է գալիս, ու ընդհանրապես փակում ենք էս կարգի մեքենաների ճանապարհը»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ավելացրեց, որ նախորդ տարվա վերջում էլ էին նման քննարկում արել ու ասել, որ սա էլ են անում ու վերջ, բայց հիմա էլի վերադարձել են: Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Այսինքն` հիմա պարզ-պրիմիտիվ հարց են դնում՝ ասում են՝ Վրաստանի արհեստավորն էդքան փող ա աշխատում, մեր արհեստավորին չե՞ք թողում աշխատի: Հիմա մենք որոշումը, փաստորեն, կիսատ ենք կայացրել ու փողը Հայաստանից տեղափոխել ենք ուրիշ երկիր, վատ որոշում ենք կայացրել»,-ասաց վարչապետը և կոչ արեց կոնկրետ ամսաթիվ որոշել, թե երբվանից են արգելում անգամ փոխված ղեկով մեքենաների ներկրումը ու այլևս նոր նախաձեռնություն չբերել: Այսպիսով՝ որոշումն ընդունվեց՝ հետագայում հարցը քննարկելու պայմանավորվածությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ