28 11 2019

Ի՞նչ է հայտնի քաղաքապետարանին 14 աղբատար նվիրաբերած ընկերության մասին․ News.am

Ի՞նչ է հայտնի քաղաքապետարանին 14 աղբատար նվիրաբերած ընկերության մասին․ News.am

News.am-ը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանին 14 աղբատար մեքենա նվիրաբերած «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ին պետռեգիստրումից գրանցումից 2 ամիս անց քաղաքապետարանը հողամաս է տրամադրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է էլեկտրոնային ռեգիստրի կայքէջից։

«Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն պետռեգիստրում գրանցվել է 2019 թվականի հունվարի 11-ին, ՍՊԸ-ի հիմնադիրները Սամվել Մանիջոյանն ու Նարեկ Ասատրյանն են։

 Ըստ քաղաքապետարանի կայքում առկա տեղեկանքի՝ 2019 թվականի մարտի 22-ին Երեւանի քաղաքապետարանը ՍՊԸ-ին տրամադրել է հողամաս՝  Անաստաս Միկոյան (Եղվարդի խճուղի) փողոցի հ. 22 հասցեում գտնվող հասցեում։

ՊԵԿ տեղեկագրից տեղեկանում ենք, որ «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն 2019թ. առաջին եռամսյակի կտրվածքով 1000 խոշոր հարկատուների ցանկում 104-րդ տեղում է եւ 364 մլն 875 հազար դրամ հարկ է վճարել։

Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Ն եւ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ի սեփականատերը 2015 թվականին «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունից ապառիկով գնել է Nokia 603 հեռախոս եւ գումարը չի վճարել։

«ԱրմենՏել» ՓԲ ընկերությունն էլ  հայց է ներկայացրել ընդդեմ Սամվել Մանիջոյանի, եւ որոշում է կայացվել բռնագանձել 123.872 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, ինչպես նաեւ 2.478 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ընդամենը` 126.350 ՀՀ դրամ»։

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 28-ին, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով հայտարարել էր, որ քաղաքապետարանին այդ «Կամազները» նվիրել են շինթույլտվության դիմաց։

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը նոյեմբերի 28–ին հրապարակել է «Կամազ» մակնիշի բեռնատարների նվիրատուների ցանկը։

Ըստ այդմ՝ «Ն եւ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ քաղաքապետարանին նվիրաբերել է աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) - 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 - 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ