ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Սարգիս Օհանջանյանի կինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Այսօր լրացավ ամուսնուս` Սարգսի և նրա մարտական ընկերոջ` Նարեկի ապօրինի կալանքի երկու ամիսը: Խոսքս ուղղելով նրանց` ուզում եմ ասել՝ դիմացե՛ք, տղաներ ջան, թե՛ դուք, թե՛ ձեր նախաձեռնած գործերն արդար են: Լինելով ազատատենչ ու հայրենանվեր երիտասարդներ` դուք երկուսդ էլ հայտնվեցիք նիկոլական պատժիչ մեքենայի անիվների արանքում ու հայտնվեցիք չորս պատերի մեջ: Բանտեցին ձեզ, բայց ոչ երբեք ձեր առույգ ոգին:
Այսօր էլ դուք շարունակում եք մնալ կալանքի տակ` բռնաբարված արդարադատության կոտրված ձեռքով կայացված վճիռների համաձայն: Քաղաքական պատվեր է սա, քաղաքական հաշվեհարդար միայն այն բանի համար, որ դուք հանդգնեցիք կանգնել երկրորդ նախագահի կողքին, ունեցաք սեփական տեսակետ և փորձեցիք հանրությանը ներկայացնել այլընտրանքային դիրքորոշում, որը տարբերվում է ամբոխի տափակ մտածելակերպից:
Ես վստահ եմ, սիրելինե՛րս, որ դուք շատ շուտով կլինեք ազատության մեջ: Դրսում ձեր անավարտ պայքարը շարունակողները օրեցօր ավելանում և ամրապնդվում են: Գալու է մի ժամանակ, որ այսօրվա իշխանությունները շատ են զղջալու իրենց անօրեն քայլերի համար, քանզի մոտենալու է հատուցման պահը, որը լինելու է բավականին դաժան:
Որպես քաղբանտարկյալ Սարգիս Օհանջանյանի կին` ես շատ հպարտ եմ, որ մեր երկրում կան ամուսնուս նման հզոր, անկոտրում և պայքարող մարդիկ:
Սարգի՛ս, ուզում եմ, որ իմանաս՝ շատ եմ կարոտել, բայց շարունակում եմ մնալ ուժեղ ու չեմ կոտրվում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը