26 11 2019

Երևանում 400-500 միկրոավտոբուս կհանվի հանրային տրանսպորտի հաշվեկշռից․ Մարության

Երևանում 400-500 միկրոավտոբուս կհանվի հանրային տրանսպորտի հաշվեկշռից․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ 2020թ․ 400-500 միկրոավտոբուս կհանվի հանրային տրանսպորտի հաշվեկշռից, քանի որ միկրովատոբուսների շահագործման ժամկետը հանրային տրանսպորտի հաշվեկշռում օրենքով կազմում է առավելագույնը 15 տարի, և այդ թվով միկրոավտոբուսների համար այդ ժամկետն ավարտվում է եկող տարի։

Քաղաքապետը նշեց, որ մասնավոր սեկտորը չի ցանկանում ներդրումներ անել, քանի որ ներկա պայմաններում դա շահավետ չէ։ 

Երևանում գրանցված է ավելի քան 1330 միկրոավտոբուս, որոնցից 900-950-ը ամեն օր սպասարկում է քաղաքացիներին։

Պատասխանելով  «Լույս» խմբակցության դժգոհությանը և մեղադրանքներին, որ կան շեղումներ քաղաքի զարգացման 5-ամյա պլանից, քաղաքապետը նշեց. «Ոչ մի հարց օրակարգից հանված չէ, այդ թվում եւ տրանսպորտի հարցը։ Մենք աշխատում ենք դրա վրա ամենօրյա ռեժիմով։ Ինչպես հայտնի է, ներկա պահին ընթանում է 20 վերելակների փոխելու գործընթացը։ Բացի այդ, քննարկվում է այն հարցը, որ եկող տարի ավտոբուսների որոշակի խմբաքանակ արդեն պետք է գա Երեւան, որպեսզի սկսվի փոխարինման գործընթացը։ Այն, թե որքան ավտոբուս կգա Երեւան եւ ինչ գումարի, կորոշվի մրցույթի արդյունքներով։ Ցանկացած պարագայում, մենք աշխատում ենք խնդրի համակարգային լուծման ուղղությամբ, որին կարելի կլինի հասնել 2-4 տարվա ընթացքում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ