«Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«1993 թվականին արցախյան գոյապայքարը նոր փուլ էր մտել: Աղդամը, Ստեփանակերտ ներխուժելու ամենավտանգավոր հենակետը լինելուց բացի, ադրբեջանական բանակի կենտրոնական շտաբն էր: Նկատի ունենալով Աղդամի ռազամավարական նշանակությունը՝ Հեյդար Ալիեւը ասել է. «Ղարաբաղի սիրտն ու հոգին է, ադրբեջանական բանակի հույսը»: Աղդամի գրավումը ռազմավարական եւ բարոյահոգեբանական առումներով անհրաժեշտություն էր: Այն կոչված էր ապահովելու Ստեփանակերտի, Ասկերանի եւ հարակից այլ բնակավայրերի անվտանգությունը:
Աղդամի ռազմական հենակետերի վնասազերծման օպերացիան իմ ղեկավարությամբ հաջող սկիզբ, ընթացք եւ ավարտ ունեցավ: Առաջին փուլի ժամանակ խնդիր դրվեց վնասազերծել Աղդամը եզերող կրակակետերը եւ Կենտրոնական ու Մարտունու պաշտպանական (հրամանատար՝ Մոնթե Մելքոնյան) շրջանների աջակցությամբ ելակետային հարձակման համար ստեղծել պաշտպանական ամուր բնագիծ: Օպերացիան իրագործվեց. վերահաստատվեցին նախկին պաշտպանական դիրքերը նաեւ Մոնթեի ճկուն ռազմավարական մտածողության շնորհիվ:
Մոնթեին վերաբացահայտեցի օպերացիայի նախագծման ժամանակ: Նա անհնարինը հնարավոր դարձնելու բնածին տաղանդ եւ ձիրք ուներ, նաեւ՝ զինվորների հետ վարվեցողության աննախադեպ մոտեցում:
Ավոն կենդանի լեգենդ էր, ով մարտի դաշտում հերոսանալուց բացի, պիտի հերոսանար նաեւ պետականաշինության գործընթացում, կայուն զարգացող երկիր կերտելիս: Ավա՜ղ, դարանակալած հակառակորդի փամփուշտը ճակատագրական եղավ:
Նա չապրեց: Նա հավերժացավ:
Հավերժացավ, որ հողը հայրենիք դարձնելու, հայրենիքը սիրելու, հայրենիքով շնչելու դասեր տա ապրողներիս: Հիշատակդ միշտ վառ, Մոնթե´ Մելքոնյան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը