Միլանում հայ համայնքի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցու հետ կապված միջադեպը հրապարակային պրովոկացիայի ևս մի փորձ էր։ Այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանը այդ միջադեպի առնչությամբ անվտանգության խորքային խնդիրներ չի տեսնում․
«Հանդիպումը բաց էր, հրավիրված էին հայերը, սակայն այնպես չէր, որ միայն հայերը կարող էին մտնել։ Բաց հանդիպմանը անվտանգության տեսանկյունից բնականաբար ստուգումներ եղել է, բայց անհատական չի ստուգվել, և այստեղ ես որևիցե խորքային խնդիր չեմ տեսնում։ Միջոցառման մասնակցությունը վերահսկելի էր բնականաբար, անցնելու և մասնակից դառնալու որոշակի վերահկողություն կար, բայց լուրջ ֆիզիկական վտանգ այնտեղ չի եղել, պարզապես բաց հանդիպում էր, համընդհանուր ստուգումներ չէին անցում, նույնիսկ անձի մակարդակով՝ թե ով էր մասնակցում»։
Այն պնդումներին, թե Գրիգորի Հայրապետովը հեռացվեց, եւ արդյունքում արժանի փոխարինող չկար, և որպես հետևանքով այս միջադեպը տեղի ունեցավ, Արմեն Գրիգորյանը արձագանքեց․
«Միջադեպը դրա հետ կապ չունի, անվտանգության ծառայություններն ունեն ինստիտուցիոնալ կարողություններ և անձերի վրա հիմնված չեն։ Ընդհանարպես մեր հասարակությունում այդպիսի քննարկումներ շատ են եղել, որ եթե մենք փոխենք անվտանգության պատասխանատուին, ապա հնարավոր չի լինի անվտանգությունն ապահովել»։
Հարցին՝ ուսումնասիրել են արդյոք՝ ով էր «բլոգեր» ներկայացած անձը, նա պատասխանեց․
«Այդ անհատը մասնակցել է Բաքվում ցույցերի ցրմանը, աշխատել է նաև ադրբեջանական հասարակության դեմ, մաքսիմում հրապարակային դրա մասին ամեն ինչ պարզ է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը