19 11 2019

Հակաքոչարյանական լեգենդերի բացահայտումը. մաս առաջին

Հակաքոչարյանական լեգենդերի բացահայտումը. մաս առաջին

«Իմ ձայնը» նախագծի անդամ Վիգեն Երեմյանը գրում է.

«Իմ ձայնը» ՀԿ-ն սկսում է ուսուսմնասիրությունների շարք, որի նպատակն է պարզել 10-15 տարի շարունակ շրջանառության դրված հակաքոչարյանական լեգենդների ծագումը, էությունը, տիրաժավորման սխեմաները եւ այլն։

Ակնհայտ է, որ գործել է հստակ համակարգ. հորինվել են թեմաներ, դրանք տպագրվել են արտերկրի դեղին մամուլում, հետո արտատպվել հայաստանյան մամուլում, հետո որոշ շրջանակի գործիչների միջոցով տիրաժավորվել, որպես անհերքելի ճշմարտություն։ Հետո թեման քնեցվել է եւ պահի անհրաժշետությունից կախված կամ թարմացվել կամ հորինվել նորը։ 10-15 տարի նույն բանն անելիս՝ ակնհայտ է,որ հասարակության մեջ գոյացել է ծանր նստվածք, եւ մի պահից ճիշտը ստից տարբերելն ուղղակի դարձել է անհնար։ Չորս միլիարդ դոլարի լեգենդը ամենավառ ապացույցն է, ամենահայտի լեգենդը։ Բայց կան մեկ տասնյակի հասնող թեմաներ, որոնք «կարվել» են եւ այսօր էլ շարունակում են «կարվել» Քոչարյանի վրա։ Եւ դրանք նույնքան հեռու են ճշմարտությունից, իրականությունից, որքան չորս միլիարդի լեգենդը։ Եւ դրանք նույն փաստարկվածությամբ պետք է հերքվեն, այնպես, ինչպես «միլիարդների» պարագայում։

Հակաքոչարյանական լեգենդները բաժանվում են տնտեսական, քաղաքական, հանրային թեմաների։ Ինչո՞ւ է կարեւոր կեղծ լեգենդների, ստի համակարգի ապամոնտաժումը։ Ոչ-ոք չի ասում, թե Քոչարյանը սխալներ չի ունեցել կամ եղել է իդեալական ղեկավար։ Բայց դա այլ խնդիր է, այլ հարց, իսկ միտումնավոր կեղծ հրեշավոր լեգենդներ հորինելը եւ 15 տարի շարունակ տիրաժավորելը՝ բոլորովին այլ բան։ Լեգենդների ապամոնտաժումը երկրի առողջացման համար է շատ կարեւոր, այս եւ հաջորդ իշխանությունների համար է կարեւոր, որպեսզի երբեք նման բան մեր երկրում չլինի։

Լեգենդ 1. Քոչարյանի օրոք երկիրը դատարկվեց

Սա հանրային բնույթ կրող ամենատարածված լեգենդներից է. Քոչարյանի օրոք, մարդիկ հեռացան Հայաստանից։

2008 թվականի իրադարձությունների ժամանակ բարիկադների հակառակ կողմում կանգնած առաջին շարքի գործիչներից Լեւոն Զուրաբյանը, ըստ էության, մեկ նախասասությամբ հերքում է այս լեգենդը (տես՝ Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսը Լեւոն Զուրաբյանի հետ՝ https://www.youtube.com/watch?list=PLMQcwD-eh6VhqoJgHCSjtU2TuD5D2QP93&v=NF917Up6fwI)։

Այլ կերպ ասած, անգամ երկրորդ նախագահի ոխերիմ հակառակորդ լեւոնական թեւի հիմնական դեմքերից մեկը համարվող Լեւոն Զուրաբյանն է խոստովանում․ «Ես Ռոբերտ Քոչարյանին կարող եմ մեղադրել հազար ու մի բանի մեջ... բայց իր օրոք գոնե, համենայնդեպս, հիմնական տարիներին արտագաղթ չի եղել»:

Հայաստանի վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում բաց դրված են նախորդ 30 տարիների արտագաղթի ցուցանիշներն ու մանրամասն վերլուծությունները, որոնց կարող է ծանոթանալ յուրաքանչյուր այցելու՝ https://www.armstat.am/am/?nid=586&year=2018 հետեւյալ հղմամբ՝ «Բնակչություն» ենթաբաժնում:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ է եղել 1998 թվականի մարտից մինչև 2008 թվականի ապրիլ։

Այդ տվյալների ընդհանուր, մակերեսային դիտարկումից անգամ պարզ տեսանելի է, որ ՀՀ երեք նախագահների պաշտոնավարման շրջանում ամենից մեծ արտագաղթը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ (ավելի քան 550 հազար մարդ), որն համընկավ հետերկրաշարժյան եւ պատերազմական տարիների հետ, ապա՝ Սերժ Սարգսյանի (ավելի քան 300 հազար մարդ՝ ֆինանսատնտեսական ճգնաժամ), եւ հետո միայն՝ Ռոբերտ Քոչարյանի (մոտ 130 հազար մարդ)։

Այսինքն մոտ 2 անգամ պակաս, քան Սերժ Սարգսյանի եւ մոտ 4 անգամ պակաս, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջին տարիներին արդեն ունեինք բնակչության շարժի դրական դինամիկա, եւ եթե երկրում շարունակվեին նույն դրական գործընթացները, ապա մենք արդեն ընդգծված ներգաղթ կունենայինք նաեւ հետագա տարիներին:

Որպեսզի ավելի առարկայական լինի արտագաղթի պատկերը, ներկայացնենք այն թվերով։

Այսպես, միգրացիոն սալդոն (ժամանածների եւ մեկնածների միջև տարբերությունը) 1999 թվականին կազմել է -7 000 մարդ, 2000-ին՝ -18 700, 2001-ին՝ -22 000, 2002-ին՝ -2 700, 2003-ին՝ -10 200, 2004-ին՝ +2 100, 2005-ին՝ +12 500, 2006-ին՝ +21 800, 2007-ին՝ -2 900։

Փաստացի, 2004 թվականից սկսած՝ մենք ունեցել ենք մի պատկեր, երբ ժամանողների թիվը գերազանցել է մեկնողների թվին: Սա Հայաստանի պատմության մեջ բացառիկ եւ դեռևս կրկնությունը չունեցող ցուցանիշներ են։

Այսպիսի ակնհայտ վիճակագրական ցուցանիշների առկայության պայմաններում անգամ աբսուրդ է տարածվել անհեթեթ միֆն առ այն, որ 1998-ից մինչև 2008 թվականն ամենամեծ արտագաղթն է եղել եւ Քոչարյանի օրոք երկիրը դատարկվել է։ Սա ամոթալի, ստոր և նենգ հակաքարոզչության կեղտոտ դրսեւորումներից մեկն է եւ ուրիշ ոչինչ: Եվ սա ունեցել է պատվիրատու, աջակից մամուլ եւ աջակից տարածողներ։

Այս միֆը իր ազդեցությունն է թողել, թե երիտասարդների վրա, ովքեր չեն ապրել երեք նախագահների ժամանակաշրջանում եւ իրենց փորձով չեն կարող համեմատություններ անել, եւ միջին եւ բարձր տարիքի ներկայացուցիչների վրա, ովքեր ամեն ինչ տեսել են իրենց աչքերով։

Սա նշանակում է, որ միֆերի հերքումը, ապամոնտաժումը պետք է արվի նույն համառությամբ եւ նույն հետևողականությամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ