12 11 2019

ԱԻՆ խոշոր ուսումնավարժությունը․ օգտագործվել է նաև ուղղաթիռ



Նոյեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում» թեմայով, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:

Վարժանքի ընթացքին հետևում էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ընդհանուր մակերեսը հողային տարածքների հետ միասին կազմում է 9,5 հեկտար, որից համալիրի մակերեսը 4 հեկտար է:

Ըստ վարժանքի սցենարի՝ մարզահամերգային համալիրում տեխնիկական անսարքության պատճառով տեղի է ունենում պայթյուն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվում, որը տարածվում է բոլոր ուղղություններով: Ծխի բարձր խտության պատճառով որոշ մարդիկ արգելափակվում են սենյակներում, կան տուժածներ:

Ահազանգ ստանալուց անմիջապես հետո «911» ծառայության օպերատորը սահմանված կարգով դեպքի վայր է ուղարկում 6 մարտական հաշվարկ, արձագանքման և հոգեբանական աջակցության խմբեր, ինչպես նաև ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի առաջին օգնության խումբը:

Դեպքի մասին սահմանված կարգով զեկուցվում է ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավար կազմին, ինչպես նաև տեղեկացվում են համապատասխան ծառայությունները:

Համալիրի պահակային և ներքին հակահրդեհային ծառայությունը կազմակերպում է մոտ 70 աշխատակիցների և քաղաքացիների տարհանում:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները, իրականացնելով տեղանքի հետախուզություն, պարզում են, որ այրվում է Համալիրի սպորտային դահլիճի բեմական հատվածը՝ 200 քմ տարածքով:

Հետախուզությունը պարզում է նաև կրակի տարածման ուղղությունները, ուժերի ու միջոցների ներգրավման ճանապարհները, հրդեհաշիջման գործողությունների վճռական ուղղությունը, մարդկանց համար վտանգի առկայությունը, նրանց գտնվելու տեղը, փրկելու ճանապարհներն ու եղանակները:

Միաժամանակ իրականացվում են և՛ փրկարարական, և՛ հրդեհաշիջման աշխատանքներ:

Փրկարարական խումբը, օգտագործելով փրկարարական գույք և սարքավորումներ, իրականացնում է արգելափակված երկու տուժածների տարհանում՝  «գծանց» և «տուժածի իջեցում փրկարարի օգնությամբ» հնարքների կիրառմամբ:

ԱԻՆ առաջին բուժօգնության խումբը ծավալում է բժշկական կետ՝ տեսակավորելով և բուժօգնություն ցուցաբերելով տուժածներին, իսկ ծանր վնասվածքով տուժածը տեղափոխվում է սանավիացիայի ուղղաթիռով:

Հրշեջ-փրկարարների հմուտ գործողությունների արդյունքում հրդեհը նախ մեկուսացվեց, իսկ քիչ անց ամբողջությամբ մարվեց:

Հատուկ տակտիկական ուսումնավարժանքին ներգրավված էին նաև շտապօգնության երկու ավտոմեքենա, ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնից և Ճանապարհային ոստիկանությունից՝ 2-ական կարգախումբ, «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, «Երևանգազ» ԳԳՄ-ից և «Էլ.ցանց» ՓԲԸ-ից՝ մեկական վթարային խմբեր, ինչպես նաև «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի մեկ ուղղաթիռ:

Ուսումնավարժանքի ավարտից հետո նախարար Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, ինչպես նաև պատասխանեց լրագրողների հարցերին: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ