Tert.am-ը գրում է․ «Ապրիլյան պատերազմի մասնակից, հեղափոխությանն աջակցած Մանուել Մանուկյանը կարող է դուրս մնալ համալսարանից, քանի որ չի կարողանում վճարել ուսման վարձը: Մանուել Մանուկյանն այս տարի ընդունվել է ԵՊՀ ում միջազգային հարաբերությունների և Գիտությունների ազգային ակադեմիայի Կառավարում ֆակուլտետներ՝ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգով: Ուսման վարձը ԳԱԱ-ում կազմում է 450 հազար դրամ, իսկ ԵՊՀ-ում 520 հազար դրամ:
Tert.am-ի հետ զրույցում Մանուել Մանուկյանը տեղեկացրեց, որ ուսման վարձը փոխհատուցելու խնդրանքով դիմել է տարբեր հիմնադրամներ:Հարցին՝ քանի որ Մանուելը Ապրիլյան պատերազմի մասնակից է, արդյո՞ք զեղչ նախատեսված չէ, նա պատասխանեց. «ԵՊՀ-ում ասացին 1-ին կուրսում չկա զեղջ, Ապրիլյանի մասնակից լինելը պետք է զինգրքույկում ինչ-որ կերպ նշված լինի, որպեսզի զեղչ տրամադրվեր, իսկ զինգրքույկներում դեռ այն ժամանակից չեն գրել: Այսօր պետք է վճարում անեի, որ հրամանագրեին, բայց չկարողացա, հիմա չգիտեմ ինչ է լինելու»:Մանուել Մանուկյանը տեղեկացրեց, որ դիմել է նույնիսկ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին, որտեղից նրան պատասխանել են, որ իրենք այդպիսի ծրագրեր չեն կատարում, չեն կարող ուսման վարձ տրամադրել: «Այդ հիմնադրամից ինձ տրամադրել են այլ հիմնադրամների տվյալներ, այդ թվում «Ծառուկյան», «ԱՍ», «Հովնանյաններ» հիմնադրամներինը»,- ասաց նա:
Թեպետ Մանուելը դիմել է վերը նշված և «Իմ քայլը» հիմնադրամի կողմից տրամադրած այլ հիմնադրամների, սակայն նրան չեն օգնել: «Առանձին դիմել եմ «Հովնանյաններ» հիմնադրամին, բոլոր իրենց տրամադրած հիմնադրամներին դիմել եմ, մի մասն արդեն ծրագիրն իրականացրել էր, մի մասն էլ պետք է նոր իրականացնեն ծրագիրը, այսինքն, հաջորդ կիսամյակից: Այս պահի դրությամբ չկա այդպիսի հիմնադրամ, որ օգնեն»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» հիմնադրամին, նա նշեց, որ այնտեղ նոյեմբերի 10-ից հետո հնարավոր է տրամադրեն. «Իրենք էլ հնարավոր է, 50 կամ 100 հազար դրամ տրամադրեն, ամեն տարի իրենց դրամաշնորհն այդքան է»,- ասաց նա:
Մանուելը ո՛չ ԿԳՄՍ նախարարություն, ո՛չ էլ նախարար Արայիկ Հարությունյանին չի դիմել, կարող է սխալ հասկանան: «Նախարարություն չեմ ցանկանում դիմել: Եղել եմ այդ գործընթացների մեջ, երբ հիմա դիմեմ իմ անձի համար, հնարավոր է՝ դիտվի, որ ես ինչ-որ առավելություն եմ ուզում, գուցե ասեն՝ ես ինչո՞վ եմ տարբերվում մնացածից, եթե մնացածը պետք է վճարեն, ես չվճարեմ, կամ հերթականություն գոյություն ունի: Իրենք ասում են՝ դրա համար կա օրենք, կա կարգ, բայց օրենքի մեջ նման բան չկա: Ուրիշ ծրագրերով եմ դիմել նույն պատասխանն եմ ստացել, դրա համար չեմ ուզում այնպիսի տպավորություն ստեղծվի որ ... ես կարող եմ ընդամենը ռեկտորներին դիմել, խնդրեմ որ չհեռացնեն, դա էլ չգիտեմ իրենք կանեն, չեն անի, ինչ սկզբունքով կառաջարկեն: Դիմել եմ Ազգային ակադեմիայի ռեկտորին, որը թույլ է տվել, քննությունները հանձնել եմ, մինչև վարձը կլինի»,- պարզաբանեց նա:
Tert.am-ի դիտարկմանը՝ ինչ նկատի ունի, երբ ասում է գործընթացների է մասնակցել, Մանուելն ասաց, որ մասնակից է եղել հեղափոխությանը, չի ցանկանում, որ դիտվի, թե ինչ-որ ակնկալիքներ ունի: «Առանց այդ էլ մարդիկ կան, որ ասում են, որ ես ինչ-որ բան արել եմ նրա համար, որ այսօր ինչ-որ մեկն ինձ համար ինչ-որ բան անի: Ես դրա համար չեմ արել, ուստի՝ չեմ դիմում ներկայիս իշխանությանն իմ անձնական հարցերով: Զուտ նրա համար չեմ դիմում, որովհետև այդպիսի տպավորություն է ստեղծվում՝ եթե ես որպես քաղաքացի դիմում եմ իմ հարցերով, ապա այլ ակնկալիքներ ունեմ»,- ասաց նա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը