Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Լրատվամիջոցների նկատմամբ ցանկացած խտրական մոտեցում, լրագրողի մասնագիտական գործունեությունը սահմանափակող ցանկացած քայլ ոտնձգություն է խոսքի ազատության դեմ, հատկապես, երբ խտրական մոտեցումը ցուցաբերում է այն հասարակական կազմակերպությունը, որը հանրությանը ներկայանում է՝ իբրև ժողովրդավարության սկզբունքներն ու մարդու իրավունքները պաշտպանող կառույց։
ՀԺՄ-ն վստահ է, որ ստեղծված մթնոլորտը որևէ լավ բանի չի հանգեցնի, այն միայն կխորացնի անվստահությունն ու առկա խնդիրները: Ցանկացած ոք կամ կազմակերպություն պատասխանատու է իր աշխատանքի համար՝ բարեխղճության ու մասնագիտական էթիկայի իր պատկերացումների շրջանակում:
Մնացած բոլոր դեպքերում ցանկացած վեճի առարկա ՀՀ-ում լուծվում է դատական կարգով։
Բոլորին կոչ ենք անում լրատվամիջոցների ու լրագրողների հետ փոխհարաբերություններում պահպանել կոռեկտության ու հանդուրժողականության սահմանները, դրսևորել պատշաճ բարեկրթություն ու կատարել «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի պահանջը, այն է՝ ԶԼՄ-ների հանդեպ խտրականությունը պետք է բացառվի, խտրականության ցանկացած դրսևորում պետք է մերժելի լինի:
Լրատվամիջոցներին կոչ ենք անում բարեխիղճ կատարել աշխատանքը՝ պահպանելով մասնագիտական էթիկայի նորմերը։
Այս համատեքստում իշխանություններին հորդորում ենք հետևողական լինել իրենց իսկ բարձրաձայնած ժողովրդավարական արժեքների հանդեպ, հարգել լրատվամիջոցների աշխատանքն ու խոսքի ազատությունն առհասարակ:
Այսօր բազմաթիվ լրատվամիջոցներ ամեն օր բախվում են խտրական մոտեցման հետ: Նրանք խնդիր ունեն օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն ստանալու, իրենց ունեցած տեղեկատվությունն օպերատիվ կերպով ճշտելու հարցում: Լուրջ խնդիրների են բախվում հարցազրույցների, բանավեճերի հրավիրելու (հատկապես՝ իշխանական շրջանակներից) դեպքում:
Այլ դեպքերով, շատ հաճախ որոշ լրատվամիջոցներ ու հատկապես՝ ֆոտոգործակալություններ, խտրական վերաբերմունքի պատճառով չեն կարողանում լուսաբանել տարբեր գերատեսչությունների կազմակերպած միջոցառումները, այն դեպքում, երբ տվյալ ֆոտոգործակալությունները պարտավորություններ ունեն իրենց բաժանորդների հանդեպ, որոնց թվում են նաև մի շարք համաշխարհային հեղինակավոր լրատվամիջոցներ:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում հարգել գործընկերային հարաբերություններն ու բացառել ԶԼՄ-ների հանդեպ խտրական վերաբերմունքի որևէ դրսևորում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը