Հոկտեմբերի 23-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա):
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը