Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում արխիվային պահպանման ստանդարտներ սահմանելու որոշման նախագիծ է ներկայացվել։
Նախագծում նշվում է․
«Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի «ժա», «իէ» ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին ենթակետը և ելնելով հանրային ու ազգային անվտանգության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ ինտերնետ հասանելության ծառայություն մատուցող կարգավորվող անձը պահպանում է ինտերնետ հասանելիության ծառայություն օգտագործած բաժանորդի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) բաժանորդի նույնականացման և (կամ) պայմանագրային համարը (ID),
2) ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդի դեպքում՝ անունը և ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,
3) բաժանորդի ինտերնետ արձանագրության (IP) հասցեն, պորտի համարը և հեռախոսահամարը,
4) ինտերնետ հասանելիության ծառայության օգտագործման սկզբի և ավարտի տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը, 5) բաժանորդի կողմից օգտագործված շարժական հեռախոսասարքի վերաբերյալ տվյալները (IMSI, IMEI), 6) ինտերնետ հասանելիության ծառայությունն ապահովող կապի տեսակը (ամրակցված կամ շարժական)։
2․ Սահմանել, որ ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող կարգավորվող անձը պահպանում է էլեկտրոնային փոստի ծառայություն ստացած (հաղորդագրություն ուղարկած և (կամ) ստացած) բաժանորդի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) բաժանորդի նույնականացման և (կամ) պայմանագրային համարը (ID),
2) ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդի դեպքում՝ անունը և ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,
3) բաժանորդի ինտերնետ արձանագրության (IP) հասցեն, պորտի համարը և հեռախոսահամարը,
4) բաժանորդի էլեկտրոնային հասցեն,
5) հաղորդակցության ուղարկման և (կամ) ստացման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը,
6) էլեկտրոնային փոստի ծառայության ստացման սկզբի և ավարտի տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը 7) հաղորդակցության տեսակը:
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված տեղեկությունները ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող կարգավորվող անձը պահպանում է էլեկտրոնային տարբերակով՝ բաժանորդի կողմից ինտերնետ հասանելիության ծառայության և (կամ) էլեկտրոնային փոստի ծառայության ստացման պահից սկսած երկու տարվա ընթացքում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է 2020 թվականի հունվարի 1-ից»։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ առանց հանրային քննարկման փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմ ներդնել։
«Կարծում եմ, այս հարցը անհապաղ պետք է քննարկվի Ինտերնետի Կառավարման Խորհրդում: Լավ կլիներ, որ հետայսու Ինտերնետի Կառավարմանը վերաբերող բոլոր հարցերը մինչ որոշման նախագծի տեսք ստանալը քննարվեին ԻԿԽ-ում, ինչպես որ դա սահմանված է:
Դեռ գարնանը Վիճակախաղերի մասին օրենքի նախագծում նույնպես նախատեսվում էին խնդրահարույց դրույթներ, որոնք, քննարկումներից հետո դուրս հանվեցին շրջանառությունից:
Խնդիրը բուն թեման չէ, այլ այն, որ սա արվում է առանց հանրային քննարկումների։ Ես, օրինակ, Ինտերնետի կառավարան խորհրդի անդամ եմ, բայց այնտեղ թեման չի էլ մտել, անմիջապես գնացել է պրովայդերներին առանց քննարկելու։ Մի մարմնի կողմից, որը դա անելու, ոնս հասկանում եմ, իրավասու էլ չէ։ Եվ երկրորդը, ավելի կարեւորը․ այսօր օրենսդրական դաշտը այնքան հետ է մնացել, որ մեր մասին չարաշահումներով կարող են տվյալներ հավաքագրվել»,-նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը