15 10 2019

Դարձյալ մանիպուլյացիա ու բնականաբար՝ վարչապետի ֆեյսբուքյան էջում

Դարձյալ մանիպուլյացիա ու բնականաբար՝ վարչապետի ֆեյսբուքյան էջում

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այն էֆեկտը, որ ստացել ենք Գյումրիում, ստանալու ենք նաև Վանաձորում: Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է: Բոլորով գնում ենք դբա լավը:))) Հ.Գ. Եվ այս էֆեկտը հերթով ստանալու ենք բոլոր քաղաքներում»: Փաշինյանը Վանաձորում մասնակցելու է շատրվանների բացման արարողությանը։

Ուշագրավն այն է, որ նա կիսվել է էջում տեսանյութով, որի վերնագիրն է՝ «Նիկոլ Փաշինյանի կառավարության նվերը Վանաձորին՝ տարածաշրջանում աննախադեպ լուսաձայնային շատրվաններ»։

Վերնագիրը, սակայն, փաստում ենք, որ որևէ կապ չունի բովանդակության հետ։

Վերնագրից դատելով, վարչապետի կառավարությունը Վանաձորում լուսաձայնային շատրվաններ ունենալու համար տրամադրել է կառուցման ողջ գումարը։

Պարզելու համար, թե ում կողմից և որքան գումար է հատկացվել Վանաձորում շատրվանների կառուցման վրա, Yerevan.Today-ը կապ հաստատեց Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանի հետ։

Նա չնշեց, թե հստակ որքան ժամանակ է, որ կառուցվում են շատրվանները, սակայն հայտնեց, որ դրա համար տրամարդվել է շուրջ 150 մլն դրամ։ «Ամբողջ շատրվանները փոխվել են, նոր շատրվաններ են բերվել։ Սա իրականցվում է սուբվենցիոն ծրագրով, որի 40 տոկոսը պետք է տա կառավարությունը, մնացածը համայնքի ֆոնդային բյուջեից է վճարվում»,- ասաց Գրիգորյանը։

Քաղաքապետարանի աշխատակցի խոսքով, դա կառավարության քաղաքականության արդյունք է․ «Միայն շատրվանները չեն, քաղաքում տարբեր աշխատանքներ են կատարվում, որոնք նույնպես սուբվենցիոն ծրագրով են իրականացվում։ Սրանք կառավարության ծրագրերն են, որոնք կատարվում են մեր քաղաքում»,- նշեց քաղաքապետարանի աշխատակիցը։

Տեսանյութը հրապարակած կայքն ազատ է իր վերնագրի ընտրության մեջ։ Անգամ կարող է գրել՝ «Փաշինյանի արքայական ընծան հեղափոխական Վանաձորին»։ Փաշինյանի դուրը որքան էլ գա վերնագիրը, նա պետք է մանիպուլյացիոն հնարք չգործի։ Համայնքային գումարներով արված է, այսինքն, բնակիչներն իրենք են իրենց նվեր արել։ Իսկ եթե անգամ կառավարությունն է արել, ապա սեփական աշխատանքը պետք չէ որպես նվեր ներկայացնելը, մանավանդ որ կառավարության տրամադրած 40 տոկոսը գործադիրի աշխատողների աշխատավարձից չի գոյացել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ