Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է արտահայտել Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
«Վերջին ժամերին տագնապալի լուրեր ենք ստանում Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման վերաբերյալ։
Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Թուրքիայի կողմից միջազգային կարգի ու օրենքի դեմ գործողությունների վրա` ակնկալելով հրատապ ու գործնական քայլեր` հետագա արյունահեղությունը կանխելու համար:
Փոքրամասնությունների` այդ թվում սիրիահայ մեր զավակների դեմ վերջիններիս ազգային ինքնության պատճառով Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց Ցեղասպանության մասին հուշերը և պետք է խստագույն դատապարտության արժանանա միջազգային հանրության կողմից։
Կիսելով ցավն ու տառապանքը պատերազմի արհավիրքը ապրող Սիրիայի բարեկամ ժողովրդի, մեր եղբայրների և քույրերի` աղոթք ենք բարձրացնում առ Աստված Սիրիայում և ողջ Մերձավոր Արևելքում խաղաղության շուտափույթ վերահաստատման համար: Կատարվածը չունի որևէ արդարացում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի իր զորակցությունը բերել Սիրիայի ժողովրդին և մեր ազգի զավակներին», - ասված է Վեհափառ Հայրապետի խոսքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը