26 09 2019

Կաթողիկոսն անդրադարձել է եկեղեցականներին ծնկի բերելու վարչապետի հայտարարությանը

Կաթողիկոսն անդրադարձել է եկեղեցականներին ծնկի բերելու վարչապետի հայտարարությանը

«Այդ առնչությամբ մեր եկեղեցին արդեն իսկ իր տեսակետը հնչեցրել է. ամենայն հավանականությամբ, վարչապետի Հայաստան վերադարձին այդ խնդրի առնչությամբ լուսաբանություններ կունենանք»,- սեպտեմբերի 26-ին, Կոմիտաս վարդապետի շիրիմին այցելության ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այն եկեղեցականները, որոնք կփորձեն քանդել իշխանության ոտքի տակը, ծնկի կբերվեն:

«Մենք պարբերաբար հանդիպում ենք եւ քննարկում ենք եկեղեցում ու հայրենիքին հուզող խնդիրներ, հարցեր: Այդ առնչությամբ, հավանաբար, անդրադարձ կլինի այդ խնդրին»,-ասաց Գարեգին Բ-ն:

Հարցին, թե երկրի քաղաքական վիճակի մեջ որեւէ անհանգստացնող բան տեսնո՞ւմ է՝ հաշվի առնելով վերջին շրջանի աղմկահարույց պաշտոնանկությունները, Կաթողիկոսը պատասխանեց. «Դուք արդեն տեսնում եք, որ բավականին հարցեր կան, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ, որ հուզում են մեր ժողովրդին եւ այդ հուզումները, բնականաբար, իրենց արտահայտությունն են գտնում հայրենական մեր կյանքում, ինչպես եւ սփյուռքի կյանքում: Մենք լիահույս ենք, որ բոլոր խնդիրներն իրենց բարվոք լուծումը կստանան: Աղոթում ենք, որպեսզի մեր երկիրն ապրի խաղաղության մեջ, լինի կայուն եւ առաջընթաց ուղիով զարգանա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ