16 09 2019

150 միլիոն դրամ՝ կարկուտից տուժած ընտանիքներին օգնելու համար

150 միլիոն դրամ՝ կարկուտից տուժած ընտանիքներին օգնելու համար

Սեպտեմբերի 16-ից Շիրակի մարզում այս տարի հունիսի 27-ին տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով առավել տուժած 925 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 4606 մարդ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանա մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։  Այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ կստանա 32 575 ՀՀ դրամ  (ընդհանուր առմամբ՝ 150 040 450 ՀՀ դրամ)։

Աղետից հետո ՀՀ Շիրակի մարզպետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝  հայտնաբերելու առավել խոցելի՝  բերքի 75 - 100 տոկոսը կորցրած ընտանիքներին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմեց Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին եւ ստացավ դրական արձագանք։

ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների ցուցակները վերջնական ճշգրտել եւ հստակեցրել է մարզային եւ տեղական ինքնակառավարման մարմինների  հետ սերտ համագործակցությամբ։ Դրամական աջակցությունը կտրամադրվի Շիրակ,  Հովիտ, Կամո, Բասեն, Ջրառատ, Կառնուտ բնակավայրերի առավել տուժած ընտանիքներին՝ «Հայբիզնեսբանկի» «Գյումրի» եւ «Անի» մասնաճյուղերի միջոցով։

ՀԿԽԸ-ն Շիրակի մարզում արդեն երկար տարիներ է, ինչ իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր՝ աջակցելով միայնակ առավել խոցելի տարեցներին, երեխաներին ու երիտասարդներին, անհայտ կորածների ընտանիքներին, անապահով ընտանիքներին, խոցելի համայնքներին, տուբերկուլյոզով հիվանդներին։

Այդ գործունեությունն ընդգրկում է՝ աղետների ռիսկի կառավարում և համայնքների դիմակայունության բարձրացում, տարեցների տնային խնամքի և առողջ երկարակեցության մոդելի ներդրում, սոցիալ–հոգեբանական աջակցություն, մարդասիրական արժեքների տարածում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ