13 09 2019

Մարտի 1-ի գործով տուժածների հարազատների հոգեբանական գործոնը․ Yerkir.am

Մարտի 1-ի գործով տուժածների հարազատների հոգեբանական գործոնը․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «2008֊ի մարտի 1-ի 10  զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, 2009-ին ասում էր. «Ինչ վերաբերում է, թե իմ երեխան ինչի է հայտնվել Մյասնիկյանի արձանի մոտ. իմ տղան, լսելով, որ թուրքերը հարձակվել են Երևան քաղաքի վրա, ես և իմ տղան միասին գնացել ենք, որպեսզի ազատագրենք թուրք լամուկներից մեր Երևան քաղաքը»։

Լրագրողը հարցնում է. «Բայց դուք միասին չեք եղել, չէ՞»: Քլոյանը պատասխանում է. «Էդ օրը միասին ենք եղել, բայց նա առանձին թևում է եղել, ես՝ առանձին»։

Երբ Մարտի 1-ի ցուցարարների դեմ սկսեցին դատավճիռներ արձակվել, Քլոյանը երգը փոխեց, սկսեց ներկայացնել, թե որդին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր, ինչպե՞ս կարող էր մասնակցել Մարտի 1֊ի բախումներին, գնացել էր՝ հետաքրքրասիրությունից դրդված։

Այժմ Քլոյանն ամենաակտիվն է պայքարում, որ Ռոբերտ Քոչարյանին դատեն։

Ինչո՞ւ:

Հինգշաբթի Երևանի Շենգավիթ շրջանի դատարանում վերսկսվեց Մարտի 1֊ի գործով՝ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դատավարությունը։ 

Երբ մեկի հետ դժբախտ պատահար է լինում, նրա հարազատները երբեմն իրենք իրենց մեղադրում են, թե եթե որդուն դուրս չթողնեին, մեքենայի տակ չէր ընկնի, և այլն, մեկ ուրիշն էլ մխիթարում է, թե՝ անհիմն մի՛ մեղադրի, դու մեղք չունես։

Ինչպե՞ս  կարող է Սարգիս Քլոյանն ինքն իրեն չմեղադրել, որ որդուն՝ Գոռ Քլոյանին, չի պահել, որ նա մարտի 1֊ին չգնար ցույցերի, չէ՞ որ եթե պահեր, նա չէր զոհվի։ Մանավանդ այս դեպքում հայրը հիմք կունենար ինքն իրեն մեղադրելու, քանի որ դեռ  օր առաջ՝ փետրվարի վերջերին, շատերն էին կանխատեսում, որ բախումներ են լինելու (օրինակ՝ «Երրորդ կողմի ձայնը»՝ գրված փետրվարի 29֊ին), իսկ Սարգիս Քլոյանը ոչ միայն որդուն չի արգելել, այլև հետն է գնացել և մասնակցել բախումներին:

Քլոյանի ակտիվությունը, որ նա մոլեռանդորեն ձգտում է որևէ իշխանավոր, այս դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանը, դատվի Մարտի 1֊ի համար, ցույց է տալիս, որ նա իր խիղճը լռեցնելով է զբաղված, դուրս է մղում բոլոր այն ռացիոնալ հնարավորությունները, որոնք կարող էին որդուն փրկել մահից և փոխարենը անխուսափելի մեղավորին գտնել։

Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորցված գարունը» ֆիլմում Սարգիս Քլոյանը կտրականապես մերժում է այն պնդումը, որ եթե մարտի 1֊ին լևոնականները համաձայնության գային ոստիկանության հետ և գնային այլ տեղ՝ ցույցը շարունակելու, կկանխվեր արյունահոսությունը։ Քլոյանը վստահ պնդում է՝  ուր էլ գնային, միևնույն է՝ բախումներ լինելու էին։ Ինչո՞ւ, չէ՞ որ, եթե Դավիթ Շահնազարյանի և մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի  ու ոստիկանների միջև ձեռք բերված պայմանավորվածությունն աշխատեր, ցուցարարները հեռանային այլ տեղ՝ հանրահավաք անելու, ոչ մի բախում էլ չէր լինելու, որ ցուցարարներին այդտեղ պահելու նպատակը հենց բախումների գնալն էր, բախումներով իշխանությունը գրավելը, Փաշինյանը կոչ էր անում բարիկադներ սարքել ու գոռում էր՝ այսօր ամեն ինչ ավարտելու ենք, «քաղաքը մաքրելու ենք ղարաբաղցի տականքներից»։

Եթե Քլոյանն իրականությունը ընդունի, որ, եթե ցուցարարերը հեռանային, բախումներ չէին լինի, ուրեմն որդին էլ չէր զոհվի, ուրեմն անխուսափելի չէր որդու մահը, ուրեմն, եթե անխուսափելի չէր, ինքն էլ կարող էր փրկել որդուն՝ նրա հետ հեռանալով: Չի արել, ուրեմն ինքն էլ մեղքի բաժին ունի, իսկ եթե մեղքի բաժին ունի, ապա դժվար է լինելու ապրել, տանը կնոջ աչքերին չի կարողանալու նայել։

Ի՞նչ անել, դուրս մղել որդու կյանքը փրկելու հնարավորությունը։ Սակայն միայն դուրս մղումները չեն կարող նրան ամոքել: Ասենք՝ դուրս մղեց, բայց մեկը պե՞տք է մեղավոր լինի, որ գա, նստի այն տեղում, որտեղ խիղճն իրեն է ցուցադրում։

Սեպտեմբերի 12֊ին դատարանում Քոչարյանին նա ասել է. «Դուք Սերժ Սարգսյանի հետ մտերիմ եք եղել, մի հող ու ջրի մարդ եք, ի՞նչն էր խանգարում, ինչո՞ւ տասը տարվա մեջ գոնե մեկ անգամ չեք ասել՝ Սերժի՛կ, արի գործը գոնե ձեւական բացենք-փակենք: Ձեւականորեն գոնե երկու «պրապրշիկի» դատեիք, եւ ասեիր՝ սրանք են մեղավորները, սրանք են սպանել ձեր երեխաներին»։

Ուրեմն անհրաժեշտ է դատարանի վճռով դատապարտվի բարիկադի այն կողմում գտնվող մեկը, թող լինի անմեղ, կարևոր չէ, կարևորը դատավճիռ լինի նրան դատապարտող,  և որը կնստի ոչ միայն բանտի զնդանում, այլև իր ներսում, այնտեղ, ուր խիղճն իրեն է նստեցրել։

Այո, նրան այլևս չի հետաքրքրում, թե անմիջականորեն ում արձակած կրակոցից է սպանվել որդին։ Գուցե նաև չի էլ ուզում ճշմարտությունը բացվի, քանի որ որդին սպանվել է «Չերյոմուխա»-ից, այսինքն՝ ցույց ցրող զենքից, և կարող է պարզվել, որ որդին գրոհել է, իսկ ոստիկաններն էլ «Չերյոմուխա» են կիրառել, ուրեմն նա տուժող չէ, ինքն էլ տուժողի իրավահաջորդ չէ։

Բայց դատավարության ընթացքը, կարծես, այնպես է գնում, որ կարող է ոչ ոք, ոչ էլ Քոչարյանը չդատապարտվի, և Քլոյանի ինքնաարդարացման վերջին շանսը խորտակվի, ու նա իրեն կորցնում  է, դատարանից դուրս, փողոցում Քլոյանը հարձակվում է  Քոչարյանի աջակից  Արամ Հարությունյանի վրա՝ գոռում «աբիժնիկ», իսկ նրա կողքի ինչ-որ անձնավորություն Հարությունյանին հետևից հարվածում է։ Այսինքն՝ մինի Մարտի 1՝ դատարանի բակում։

11 տարի տերպետրոսյանական-փաշինյանական շրջանակները հետևողականորեն հասարակությանը թյուրիմացության մեջ են գցել, թե Մարտի 1-ին անմեղ ցուցարարների վրա կրակել է զորքը, ավելին՝ Ղարաբաղից եկած, ղարաբաղի բարբառով խոսող զորքը։ Այդ կեղծիքի վրա էլ կառուցվեց Մարտի 1-ի քրեական գործը, որ հիմա ամբաստանյալի աթոռին են նստել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գեներալներ Խաչատուրովն ու Օհանյանը և Արմեն Գևորգյանը։

Տերպետրոսյանական-փաշինյանական շրջանակներն այնքան են, ստեր բրդելով, հաջողության հասել, որ վստահ էին, թե դատարանում էլ իրենց սուտը կհաղթի։ Սակայն վրիպեցին, այլևս 37 թիվը չէ, որ մարդու վրա սուտ մեղադրանք սարքես, գնդակահարես, Հայաստանը եվրոպական կառուցների անդամ է, և ինչքան էլ դատարանի դռներ փակեն, մեկ է, ճշմարտությունը պլստալու է դուրս։

Գնալով կեղծիքը փլվում է. պարզվում է, որ ոչ մի զինվոր ու ոչ մի ղարաբաղցի չի կրակել, որ զինված ու կատաղած գրոհող ամբոխին դիմադրել են ոստիկանանական ուժերը։

Մարտի 1֊ի վերաբերյալ ամեն քայլ Փաշինյանի դեմ է ուղղվելու. որոշում է ընդունել Մարտի 1֊ի տուժածներին դրամական փոխհատուցում տալ, եթե բոլորին, իրոք, տան, կպարզվի, որ ավելի շատ ոստիկան է ստանալու փոխհատուցում՝ վիրավորվել է 187 ոստիկան և 32  ցուցարար։

Իսկ Սարգիս Քլոյանը գնալով կդժվարանա չարաշահել իր վշտի նկատմամբ հարգանքը, երբ անձի հոգեբանական խնդիրները հասարակությանը ապակողմնորոշում են, ուրեմն պետք է դրանք բացահայտել։

Թեև դատավարությունը չի վերաբերում 10 զոհերի սպանությանը, Քոչարյանին և մյուսներին դատում են սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, այսուհանդերձ, իշխանության ճիգը՝ զոհերը վերագրել երկրորդ նախագահին, այժմ էլ արտահայտվում է այն բանով, որ դատարանը 9 զոհերի իրավահաջորդներին ճանաչել է կողմ։  Ուրեմն ընթացքում էլի պարզվելու է ճշմարտությունը, որ ցուցարարները խաղաղ չէին, և որ 10  զոհերի մեջ միայն  ոստիկանության 2 ծառայողն են տուժող, որոնք իրենց պարտականությունները կատարելիս զոհվել են ցուցարարների կողմից կիրառված տարբեր հրազեններից։ Իսկ մյուս 8֊ի մահվան հանգամանքները քանի չեն պարզվել, նրանք չեն կարող ո՛չ տուժող, ո՛չ էլ կարգազանց որակվել։

Այդ երկու՝ ոստիկանության ծառայողներից մեկի՝ Տիգրան Աբգարյանի մայրը դատարանում որպես տուժողի իրավահաջորդ է ներկայանում։ Այո, իրոք, դատարանում միակ տուժողի իրավահաջորդը նա է, սակայն տուժող՝ ո՞ւմ կողմից, նրանց, ում հրամա՞նն է կատարել որդին, թե՞ նրանց, ովքեր կրակել են որդու վրա։  Տերպետրոսյանական շրջանակները նաև Աբգարյանի ընտանիքին են կարողացել թյուրիմացության մեջ գցել՝ համոզելով, թե իբր իրենց որդուն հատուկ ջոկատայինը  սպանել է, որ արտակարգ դրություն մտցնեն (սա դեռ 8-9 տարի առաջ ասվում էր փաստահավաք խմբի ՀԱԿ-ական անդամների գրության մեջ, ապա Տեր֊Պետրոսյանի քարոզիչ Տիգրան Պասկևիչյանի ֆիլմում, և որն անցյալ տարի կրկնեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը)։

10  տարիների ընթացքում ստեղծված այս՝ «խաղաղ ցուցարարների վրա կրակեցին» կեղծիքի մթնոլորտում Աբգարյանի ընտանիքն էլ չէր ուզի, որ իրենց որդին «կրակողներ»-ի կողմում եղած լիներ և զոհված լիներ «խաղաղ ցուցարարների» կրակոցից, և այսպես,  նենգորեն Աբգարյանների միամտությունը օգտագործելով, սպանվածի ծնողին դարձրեցին գործիք որդուն սպանած կողմի ձեռքին»։

Վահան Իշխանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ