11 09 2019

Սեյսմիկ ակտիվությունը նվազում է․ ԱԻՆ-ը՝ Շիրակի մարզի երկրաշարժի մասին

Սեյսմիկ ակտիվությունը նվազում է․ ԱԻՆ-ը՝ Շիրակի մարզի երկրաշարժի մասին

Ս․ թ․ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով 20:22-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արեւելք, 10 կմ խորության վրա, գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Այն նախնական տվյալներով՝ զգացվել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում եւ Երեւան քաղաքում: Սեպտեմբերի 11-ի ժամը 05:00 դրությամբ գրանցվել են 1.0-3.7 մագնիտուդով 100-ից ավելի հետցնցումներ, որոնք համեմատաբար թույլ են, քան առաջին ցնցումը, հետեւաբար, կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է:

Երկրաշարժը հարում է Ջավախքի ընդարձակման գոտուն (հրաբխային բարձրավանդակին)։ Ջավախքի հրաբխային բարձրավանդակը եւ հարակից տարածքները հատում են մի շարք ակտիվ խզվածքներ, որոնց հետ են կապված ինչպես պատմական, այնպես էլ արդի ժամանակաշրջանի բազմաթիվ երկրաշարժեր: Ջավախքի ընդհարձակման գոտին բնութագրվում է երիտասարդ հրաբխականությամբ եւ մեծ թվով թույլ եւ միջին ուժի երկրաշարժերով: Այս գոտու բարձր սեյսմիկության դրսեւորումը կարող է բացատրվել գոյություն ունեցող հրաբխային օջախներով:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, համաձայն գործող կանոնակարգի, շարունակում է իրականացնել շուրջօրյա հերթապահություն եւ սեյսմիկ մշտադիտարկում:

Բազմապարամետրային մշտադիտարկման տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, չեն սպասվում լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ: Սեյսմիկ ռեժիմը գտնվում է վերահսկողության տակ: Հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ