ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է
«ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում եմ։
Առաջին ցնցումից մինչև 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան և այլ տեսակի սեյսմիկ չափումները հուշում են, որ գործընթացը գնում է մարման։
Ըստ մարզպետարանում ունեցած մեր խորհրդակցության արդյունքների Շիրակի մարզում երկրաշարժի արդյունքում վնասներ չունենք։
Սա բոլորիս համար զգոնության և նախապատրաստված լինելու ևս մեկ լուրջ ազդակ էր»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը