Նախորդ տարի դեռ հունիսին, կառավարության հերթական նիստից հետո օրակարգային հարցերը սպառելուց հետո երկար քննարկում ծավալվեց հրավառության շուրջ: Ինչո՞ւ են լինում օրինախախտ խրախճացողներ, ինչու են թերանում իրավապահները, ինչու չեն կարողանում բացահայտել նրանց: Զավեշտի հասնող այս քննարկումից հետո ևս մեկ անգամ արձանագրվեց բարձր ամբիոնից՝ սահմանված ժամից ուշ հրավառություն անողները պետք է պատժվեն: Վարչապետն ավելի կտրուկ մոտեցավ հարցին, մասնավորապես ասելով.
«Մենք կարողանո՞ւմ ենք դա ապահովել, թե՞՝ ոչ։ Օրենքն ընդունում ենք, հետո սկսում ենք բացատրել, թե ինչու չենք կարողանում իրականացնել։ Չլինի՛ հրավառություն, վե՛րջ, եթե չի կարողանում համապատասխան ծառայությունն ապահովի, որ օրենքը կատարվի, ուրեմն վատ է աշխատում», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Ռեստորաններում դա արվում է շարունակաբար, ռեստորանը չի փախնում հրավառությունից հետո, եթե էդ տարածքի թաղայինը՝ ոստիկանը չի տիրապետում, թե ով է արել էդ հրավառությունը, ուրեմն լավ չի աշխատում։ Այսինքն՝ թաղամասում հրավառություն է չենք կարողանում հայտնաբերե՞լ, տենց էլ ընտրակաշառքը չենք կարողանում հայտնաբերել, տենց էլ բնակարանային գողությունները չենք կարողանում բացահայտել։ Ես զարմանում եմ էս քննարկման վրա։ Հիմա հանրության առաջ կանգնած քննարկում ենք, որ չէ, չի լինի։ Կլինի և պետք է լինի, դուք լուծեք էդ հարցերը, թե չէ ես կլուծեմ»։
Այս քննարկումից մեկ տարի անց ոստիկանությունում արձանագրություն է կազմվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքի հրավառության առթիվ։ Հրավառությունը եղել էր նախատեսված ժամկետից բավականին ուշ։
Որն է այստեղ ամենազավեշտալին․ Ի թիվս բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի, այդ հարսանիքին ընտանյոք հանդերձ մասնակցում և ուրախանում էր Նիկոլ Փաշինյանը, ով ոստիկանությանն ասում էր՝ «դուք լուծեք էդ հարցերը, թե չէ ես կլուծեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը