Տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար կպահանջվի առնվազն երկու տարի.վարկի տրամադրում, մրցույթի միջոցով նոր շարժակազմի ձեռքբերում, ինչպես նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում: Այս մասին մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են առաջիկա անելիքների, տրանսպորտային համակարգում սպասվող փոփոխությունների ու նոր երթուղային ցանցի հետ կապված հարցեր: Քաղաքապետ Մարությանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են նոր երթուղային ցանցով:
Միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային եւ տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաեւ տրանսպորտային միջոցների քանակը: Կգործարկվի 845 ավտոբուս եւ 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաեւ պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում:
«Բոլոր բանակցություններում թե կառավարության, թե ձեզ հետ, կարեւորում եմ քաղաքի ու քաղաքացիների շահը: Մայրաքաղաքի համար այս նախագիծը պետք է հնարավորին մատչելի լինի, բնակիչների համար ապահովի առավելագույն հարմարավետություն, եւ քաղաքն ու բնակիչները պետք է զերծ մնան ինչ-որ կոլապսներից, տրանսպորտային խնդիրներից: Հաշվի ենք առնում նաեւ բնապահպանական խնդիրները՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց ունենալու համար»,- նշել է Մարությանը:
«Երթուղային նոր ցանցի սպասարկման հարցում կարծիքներն ու մոտեցումները դեռեւս տարբեր են»,- նկատել է քաղաքապետն ու ընդգծել՝ կա երկու տարբերակ՝ կամ այն իր վրա կվերցնի համայնքը, կամ կլինի համայնք եւ մասնավոր հատված համագործակցություն:
«Հաշվի ենք առել առաջադեմ պետությունների փորձը՝ բնակչության սպասարկման այս ոլորտում, որը եւս ստրատեգիկ նշանակություն ունի: Պետությունը պետք է միշտ վերահսկողություն ունենա այս ամեն ինչի նկատմամբ»,- նշում է քաղաքապետը:
Տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար կպահանջվի առնվազն երկու տարի.վարկի տրամադրում, մրցույթի միջոցով նոր շարժակազմի ձեռքբերում, ինչպես նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում: Մինչ այդ, Երեւանի քաղաքապետը մի շարք առաջարկներ է ներկայացրել մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերություններին:
Հաջորդ տարվանից շուրջ 400 միկրոավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից, քանի որ դրանց շահագործման ժամկետներն (15 տարի)ավարտվում են: Սա այն դեպքում, երբ այսօր քաղաքային երթուղին սպասարկում է շուրջ 900 միկրոավտոբուս: Այսինքն՝ գրեթե կեսը:
«Բնականաբար մեզ ձեռք է տալիս, որ այն երթուղիները, որոնք ունեն նման միկրոավտոբուսներ, սեփական միջոցներով փոխարինեն եւ սկսեն աշխատել մինչ նոր ցանցի ներդրումը: Առնվազն երկու տարի դուք կարողանալու եք այս եղած շարժակազմով աշխատել, որը ձեռք կբերեք, կփոխարինեք»,- նշել է քաղաքապետը:
Ներկայումս գործող ընկերությունները կարող են թարմացնել շարժակազմը եւ շարունակել սպասարկել եղած երթուղիները, ինչպես նաեւ՝ ձեռք բերել նոր ցանցի պահանջներին համապատասխանող շարժակազմ եւ մասնակցել երթուղային նոր ցանցի սպասարկմանը:
Հարցուպատասխանի միջոցով մասնակիցները ներկայացրել են նաեւ իրենց դիտարկումները՝ գործող եւ նոր երթուղային ցանցի ու ներկայացված առաջարկների վերաբերյալ:
Առաջիկայում մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունները կներկայացնեն իրենց տեսլականը՝ համայնքի հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացման հարցում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը