ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնում «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Երեխաների քաղաք» ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից տրված դրական եզրակացության վերաբերյալ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
Պաշտպանի դիրքորոշմամբ ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:
Ծրագրի իրականացումն այս տարբերակով կնպաստի հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով երեխաների նկատմամբ կարծրատիպերի եւ խարանի խորացմանը։
Մասնավորապես, Պաշտպանն արձանագրում է հետեւյալ հիմնարար նկատառումները՝
• Սոցիալական տարբեր խմբերին պատկանող եւ հաշմանդամություն ունեցող երեխաներին իրենց համայնքներից տեղափոխելը եւ նրանց համար հատուկ կառուցվող բնակավայրում տեղավորելը հակասում է համայնքում ապրելու հավասար իրավունքին («Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա),
• Քաղաքի կառուցումը հակասում է նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Երեխայակենտրոն քաղաք» ծրագրի սկզբունքներին: «Երեխայակենտրոն քաղաք» ստեղծելը չի նախատեսում մեկուսացած բնակավայրերի կառուցում: Ավելի քան 35 երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր երկրներն էլ կարեւորում են համայնքի ողջ բնակչության ներգրավվածությունը երեխայակենտրոն քաղաքների ստեղծման գործում, այլ ոչ թե դրա կառուցումը երեխաներին հասարակությունից մեկուսացնելու կամ առանձնացնելու սկզբունքով,
• Ծրագրով նախատեսված միայն կրթության եւ ինքնազարգացման սահմանափակ հնարավորությունների պայմաններում ապրող երեխաների եւ հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությամբ կրթությունը խնդրահարույց է երեխաների ներառականության տեսանկյունից:
Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բարձր առաքելությամբ: Պետությունը պետք է աջակցի, պաշտպանի եւ ապահովի, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեքորեն եւ հավասարապես իրացնեն իրենց իրավունքները, ինչպես նաեւ ապահովվի հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ:
Պաշտպանը դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ կառավարություն՝ առաջարկելով լրամշակել ծրագիրը՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը