25 08 2019

Անկանոն բաներ արվեցին, որոնք վտանգ առաջացրին․ ԱԻՆ-ը՝ «Մալաթիա մոլի» հրդեհի մասին

Անկանոն բաներ արվեցին, որոնք վտանգ առաջացրին․ ԱԻՆ-ը՝ «Մալաթիա մոլի» հրդեհի մասին

Գյումրիում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհին՝ նշելով, որ իրենց ունեցած տեխնիկան 20-րդ դարի է։

«Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է: Այսինքն՝ մեր ունեցած տեխնիկան Երևանի այն պայմաններին է համապատասխանում, որ եղել է:  Տեսեք՝ այս մի քանի տարվա ընթացքում Երևանում ինչ շենքեր են կառուցվել՝ մոլեր և այլն, որոնց համար մենք համապատասխան նորություն չենք ստացել: Մենք ունենք դժվարություններ, բնական է, որ մեծ աղետի դեպքում բարդություններ են առաջանալու, եւ ես դա բազմիցս ասել եմ ու ասում եմ, որ դա կարող է լինել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ  հրդեհաշիջմանը երբեմն խանգարում է նաև քաղաքաշինական նորմերի խախտումը, ինչը եղել է նաև «Մալաթիա մոլի» պարագայում: Շենքը չունի տարբեր կողմերից մեքենայով մոտենալու հնարավորություն։

Նախարարը նաև անդրադարձավ Սամվել Ալեքսանյանի կողմից աշխատակիցներին ուղղված հորդորին՝ շենք մտնելու և իրերը դուրս բերելու վերաբերյալ։

«Ինչ-որ տեղ հրշեջին ձեռք է տալիս, որ ապրանքը դուրս հանվի: Սա երկու կողմին էլ ձեռնտու է՝ նա ապրանքն է փրկում, իսկ հրշեջի համար մի վառվող իր դուրս է գալիս: Բայց հրշեջները թողնում են այն մասից հանել, որտեղից կարող են: Եթե կա հրդեհի օջախ, խեղդվելու հնարավորություն, չեն թողնում: Սակայն երեկ անկանոն բաներ արվեցին, որոնք վտանգ առաջացրին հրշեջի համար», - ասաց նախարարը՝ ընդգծելով, որ  օպերատիվ խմբի ղեկավարից բացի ոչ մեկ իրավունք  չունի այնտեղ  աշխատանք կատարի, անկախ իր պաշտոնից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ