Օգոստոսի 19-ից 22-ը հերթական այցով Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի խումբը:
Այցի նպատակն է եղել մասնակցել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագրի մեկնարկին և անցկացնել մասնագիտական քննարկումներ: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ աշխատանքներում ներգրավվել են ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների, Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Խորհրդատվական խումբը օգոստոսի 19-ին հանդիպել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի ինքնագնահատման գործընթացի իրականացման ընթացիկ վիճակին և դրա շրջանակներում սպասվող միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գոհունակությամբ են նշել ինքնագնահատման գործընթացի շրջանակներում գրանցված առաջընթացը և պատրաստակամություն հայտնել այդ ուղղությամբ ընդլայնել համագործակցությունը:
Խորհրդատվական խումբը այցելել է նաև ռազմաուսումնական հաստատություններ, որտեղ 2019թ. ուսումնական տարվա առաջին կուրսի կուրսանտների համար մեկնարկել է «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագիրը: Հանդիպումներ են անցկացվել ռազմական կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ:
Այցն ամփոփվել է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Կողմերը համաձայնեցրել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատությունների հետ ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի համագործակցության հետագա ծրագրերը և ուղենիշները:
«Լավ կառավարում և բարեվարքություն» առարկան պրոֆիլային կրթօջախներում ներդնելու և այս ուղղությամբ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հարցում հետաքրքրվածություն է ցուցաբերվել ՀՀ ոստիկանության կողմից: Այցի ընթացքում պաշտպանության նախարարությունը կազմակերպել է խորհրդատվական խմբի հանդիպումները նաև ոստիկանական համակարգի հաստատություններում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը