21 08 2019

Գագիկ Խաչատրյա՞նն է ճոխ գրասենյակ նվիրել Նիկոլ Փաշինյանին.Politik.am

Գագիկ Խաչատրյա՞նն է ճոխ գրասենյակ նվիրել Նիկոլ Փաշինյանին.Politik.am

Politik.am-ը գրում է.

Ամիսներ առաջ մի քանի կայքերում լուրեր տարածվեցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրասենյակ է վարձակալել ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին պատկանող շենքում։ Այս լուրերին անդրադարձան  նաև տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Արդյոք սա՞ է պատճառը, որ Հայաստանի թալանի մեջ ամենաշատ մեղադրվող Գագիկ Խաչատրյանը դեռևս ՀՀ ԱՆ որեւէ քրեակատարողական հիմնարկում նստած չէ»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այս տեղեկությունը հերքեց, իսկ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթում հոդված հրապարակեց, որում տեղեկացնում էին, որ Գագիկ Խաչատրյանը այդ շենքը խլել է նախկին սեփականատիրոջից․«Ի դեպ՝ ՀՀ Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ Աբրամ Ամիրխանյանի ինքնասպանության առիթով հարուցված քրեական գործը չի կարճվել և չի կասեցվել, և այս պահին գտնվում է նախաքննության փուլում։

Այն, որ այդ հասցեի շինությունն ի սկզբանե չի պատկանել Գագիկ Խաչատրյանին, փաստում են նաև Սայաթ-Նովա 40 հասցեի բնակիչների բողոքները, որոնք Տուժած շահառուների իրավունքների պաշտպանության գործողությունների համակարգող Էդգար Պողոսյանը նամակի տեսքով ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։

Իշխանական թերթի այս հրապարակումից անցել են ամիսներ, սակայն Գագիկ Խաչատրյանը շարունակում է իր գործունեությունը այնպես, ինչպես ժամանակին։ Նա ունի տասնյակ բիզնեսներ, որոնք հիմնել է իր պաշտոնավարման ընթացքում։ Փաշինյանի իշխանության օրոք Գագիկ Խաչատրյանը որևէ խնդիր չունի իրավապահ համակարգի հետ, ավելին՝ նոր բիզնեսներ է հիմնում։ Իշխանությունները չեն խոսում Խաչատրյանի կոռուպցիոն անցյալից և կատարած հանցագործություններից։ Դրանց մասին գոնե Նիկոլ Փաշինյանը պետք է որ լավ իմանա. նա տասնյակ անգամներ այդ մասին խոսել է Ազգային Ժողովի ամբիոնից։

Իշխանության այս լռությունը և Գագիկ Խաչատրյանի ծաղկուն բիզնեսները բնական հարցեր են առաջ բերում։ Շատերին հետաքրքրում է՝ իսկ գու՞ցե «Տամոժնի» Գագոն է Փաշինյանին նման ճոխ գրասենյակ նվիրել։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ