ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն որպես զբոսավար է հանդես եկել օտարերկրացի զբոսաշրջիկների համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով շրջել է Հայաստանում գտնվող արտասահմանցի զբոսաշրջիկների հետ և անգլերենով նրանց ներկայացրել մեր մայրաքաղաք Երևանը և նրա պատմությունը:
Շրջայցը մեկնարկել է Երևանի Կասկադ համալիրից, շարունակվել Բաղրամյան պողոտայով, Սայաթ Նովա, Աբովյան, Վազգեն Սարգսյան փողոցներով և եզրափակվել Հանրապետության հրապարակում:
Այնուհետև վարչապետ Փաշինյանն օտարերկրացի զբոսաշրջիկներին հրավիրել է կառավարության շենք, շրջայց կատարել նրանց համար շենքի տարածքում և դահլիճներում, ծանոթացրել պատմությանը և ճարտարապետությանը: Շրջայցն ավարտվել է գինու համտեսով և վարչապետի կողմից զբոսաշրջիկներին խորհրդանշական նվերների հանձնմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը