14 08 2019

Այս իշխանություններն առանձնահատուկ շնորք ունեն ամեն ինչ առ ու տուրի վերածելու. Panorama.am

Այս իշխանություններն առանձնահատուկ շնորք ունեն ամեն ինչ առ ու տուրի վերածելու. Panorama.am

Panorama.am-ը գրում է.

Այս տարվա մայիսին, երբ հիսթերիկ պոռթկումով դատարանների դեմ սկսվեց բացահայտ արշավը՝ հանձինս դատարանների մուտքերն արգելափակելու պետության ղեկավարի կոչի, սթափ մարդիկ պարզորոշ  տեսան, որ սա ական է պետության տակ։ Հաջորդող ամիսներին այդ պետականաքանդ ականների թիվն  ավելացավ, ընդ որում ձեռք բերելով  ավելի ու ավելի հակապետական դրսևորումներ։

Երևի թե աշխարհում շուտով առաջին տեղում կլինենք պետական մակարդակով կատարվող անհեթեթությունների սանդղակում։ Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար հայտարարած նոր իշխանությունները պետականորեն կաշառք են առաջարկում Սահմանդրական դատարանի անդամներին՝ ճանապարհից խաղաղ հեռանալու և իրենց քաղաքական ծրագրերին չխոչընդոտելու համար։ Արդարադատության երիտասարդ նախարարը «ՍԴ մասին» օրենքում փոփոխություն է առաջարկում, ըստ որի Սահմանադրական դատարանի դատավորները մինչև 2019 հոկտեմբերի 31-ը  հրաժարական ներկայացնելու դեպքում կպահպանեն հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձը և այլ սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո կօգտվեն դատավորի համար օրենքով սահմանված կենսաթոշակից։ Կոռուպցիան էլ ո՞նց է լինում։   

Ինչպե՞ս արդարացնել այս նվաստացուցիչ առաջարկությունը՝  իշխանությունների անփորձությա՞մբ,  թե  ցանկացած միջոցով իրենց կամ իրենց տերերի կամքն իրականացնելու մոլուցքով։  Այնպիսի տպավորություն է, որ ոգևորված  Բարձրագույն դատական խորհրդին և զրոյական վարկանիշ ունեցող մի քանի դատավորների  հեշտ ու արագ թրի տակով անցկացնելուց՝  կառավարությունը «վա բանկ» գրոհ ձեռնարկեց  Սահմանադրական դատարանի վրա։ Բայց իրենց կարճմիտ ու անհեռատես բնույթով ընտրեցին ամենադատապարտված ուղին՝ հասարակության մեջ բարձր դիրք ու հեղինակություն  վայելող մարդկանց կանգնեցնելով  հրապարակավ խայտառակվելու ընտրության առաջ։

Թերևս միայն  ՍԴ-ի նորաբնակ Վահե Գրիգորյանը կգնա այդ քայլին․․․ Իսկ գուցե հենց նրա՞ համար է արվում հարկատուների հաշվին արվող այդ շռայլ  առաջարկը։ Չէ որ ելնելով  ՍԴ նիստերին նրա չմասնակցության հանգամանքից, զարմանալի չի լինի, որ նա կզրկվի այդքան դժվարությամբ ձեռք բերված  պաշտոնից․․․  բայց  մինչև դրան հասնելը հրաժարական կտա։ Ի վերջո,  նրան փոխհատուցել պետք է չէ՞ սահմանադրական ճգնաժամի իմիտացիա սարքելու համար։ Այնքան էլ անհեթեթ միտք չէ, դատելով մարտի 1-ի զոհերի հարազատներին   (ոչ բոլորին)  և տուժածներին  (ոչ բոլորին)   փոխհատուցում հատկացնելու կառավարության  որոշումից  (ոստիկանների համար ոչինչ նախատեսված չէ. ???)։  Ի միջի այլոց, առանձին խոսելու նյութ է, թե հայրենիքին մատուցած որ ծառայության  համար են գրեթե հերոսացվում 21,5 տոկոս հավաքած թեկնածուի սադրանքին կուլ գնացած մարդիկ․․․  (իսկ ապրիլյան պատերազմի վիրավոր մասնակիցների բուժման համար կառավարությունը փող չունի)։ Մարտի 1-ը դարակազմիկ հարց դարձրածները  գուցե վերջապես դադարեն 11 տարի ձգվող  շահարկումները։  Չէ՞ որ գլխավոր  կազմակերպիչներից մեկը  յուրատեսակ ձևով «ապաշխարհեց»  պետական  բյուջեի հաշվին։

Ընդհանրապես, այս իշխանություններն առանձնահատուկ շնորք ունեն ամեն ինչ առ ու տուրի վերածելու։  Գնալով ավելի պարզ  է դառնում Փաշինյան Նիկոլի՝  «աղքատությունը մարդկանց ուղեղներում է»  «հանճարեղ» մտքի ենթատեքստը, որը  մոտավորապես կարելի է ձևակերպել այսպես՝ «ինձնից լավը չեք, որ ամեն քայլի չեք դիմում փողի համար»։ Սա՛ է այս իշխանությունների կյանքային կրեդոն՝ փողի համար կարելի է Սորոսին կամ ԿՀՎ-ին ծառայել, կարելի է սեռական կողմնորոշում  փոխել, կարելի է Հայրենիքն ու  հավատն ուրանալ։ Եթե ներքուստ այդպիսին չլինեին՝  հարգարժան դատավորներին հրապարակավ կաշառելու փորձ չէին անի․․․ Ու դեռ մի բան էլ երևի մտածում են՝ «բա մեզ տենց  հնարավորություն չտայի՜ն»։  Տվել են  էլի  դրամաշնորհների տեսքով, որ նյութականից բացի այլ արժեքներ չունեք։

ՍԴ  դատավորներին չաշխատելու դիմաց  աշխատավարձ առաջարկելով՝  կառավարությունը մի վայրկյան գոնե մտածե՞լ է, որ նման ստոր գործարք է առաջարկում մարդկանց, ովքեր ընտանիք ու մտերիմներ ունեն, հարևաններ  և ուսանողներ ունեն, ովքեր շարունակելու են ապրել այս երկրում․․․ և ո՞նց են նայելու մարդկանց աչքերին։  Մի՞թե կընտրեն ողջ կյանքում ամոթով ապրելու խարանը։ Հազիվ թե։

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն արդեն հայտարարեց՝ «․․․Ես չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ, ես ամբողջ կյանքում աշխատել և նոր ստացել եմ․․․»։  Անկասկած  միայն նա չէ այդպես մտածում։ Ոչ բոլոր մարդիկ  են նյութապաշտության գերի դառնում, ինչը երևի անհասկանալի է ամեն բան նյութին ծառայեցնողի տեսանկյունից։ 

Ամեն գնով ամեն ինչ ստանալու մոլուցքը ոչ մեկին լավ տեղ չի հասցրել։  Այ, հենց նման չկշռադատված քայլերն էլ արագացնում են ականների  պայթյունները․․․ Կա նաև ավելի  հավանական տարբերակ՝  հայտնվում են հմուտ ականազերծողներ և փրկում երկիրը անիմաստ քաոսից։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ