ԱՄՆ Սենատի 22 անդամներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ 16 նահանգ, միացել են Ներկայացուցիչների պալատի 89 անդամներին, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն Արցախի Հանրապետությունում ականազերծման ծրագրի ֆինանսավորման շարունակման և ստորագրել էին համապատասխան նամակը: Այս հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը՝ նշելով, որ նամակը ստորագրել են՝ Ռոբերտ Մենենդեսը, Չաք Շումերը, 2020 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Բայքլ Բեննետը, Կամիլա Հարիսը, Բեռնարդ Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, այլք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամ միացել է Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ամերիկյան օգնությունը կրճատելու Թրամփի վարչակարգի փորձերի դեմ պայքարին: Նամակը նախաձեռնել էին դեմոկրատներ Բրեդ Շերմանը և Թիջեյ Կոքսը, որում նրանք կոչ էին անում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ղեկավար Մարկ Գրինին շարունակել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:
Թիջեյ Կոքսն ընդգծել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պետք է կյանքի կոչի իր հանձնառությունը՝ հավելյալ ֆինանսավորում տրամադրելով HALO Trust կազմակերպությանը՝ ավարտելու կենսական նշանակություն ունեցող նախագիծը, ինչպես խոստացել էր ՄԶԳ-ի ղեկավար Մարկ Գրինը:
«Ես շարունակելու եմ աշխատանքն իմ երկկուսակցական գործընկերների հետ Կոնգրեսում, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբում և HALO Trust-ում՝ ապահովելու դաշնային ֆինանսավորումը, որը թույլ կտա ունենալ ականներից զերծ Արցախ»,- հայտարարել էր Կոքսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը