08 08 2019

Ազգային արխիվն անցավ արդարադատության նախարարությանը

Ազգային արխիվն անցավ արդարադատության նախարարությանը

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ենթակայությունը հանձնվում է ՀՀ արդարադատության նախարարությանը:  Որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության  նիստի ժամանակ։

Նախագծում ասվում է.

«Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ հիմնականում ազգային արխիվները գործում են մշակույթի կամ արդարադատության նախարարության ենթակայության ներքո։ Մասնավորապես, ազգային արխիվը մշակույթի նախարարության ենթակայության ներքո է գործում Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Սերբիայում և մի շարք այլ պետություններում։

Իսկ արդարադատության նախարարության ենթակայության ներքո են գործում հետխորհրդային տարածքի մի շարք պետությունների ազգային արխիվներ, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան, Բելառուսիան։ Արցախի Հանրապետությունում նույնպես ազգային արխիվը գործում է արդարադատության նախարարության ենթակայությամբ։

ՀՀ արդարադատության նախարարությունն ունի արխիվային գործի կառավարման փորձ, քանի որ վերջինիս ենթակայությամբ է գործում հանրապետությունում իր կարևորությամբ 2-րդ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվը»: 

Ազգային արխիվը միակ կազմակերպությունն է Հայաստանում, որն իրականացնում է ՀՀ մշակութային ժառանգության մի ամբողջական մասի՝ ՀՀ արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման գործառույթները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ