03 08 2019

Սոչիում հայերի հանդեպ խտրականությունը փաստող ձայնագրություն է հրապարակվել

Սոչիում հայերի հանդեպ խտրականությունը փաստող ձայնագրություն է հրապարակվել

Համացանցում ձայնագրություն է հրապարակվել, որը վկայում է, որ Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցների բողոքներն իրենց հանդեպ խտրական վերաբերմունքի վերաբերյալ ճիշտ են։

Գաղտնազերված ձայնագրության մեջ կինը հայ աշխատակցին հարցնում է, թե ինչու է նա Պուտինին բողոք-նամակ գրել, պետք էր լռել և չբողոքել։ Ռուս աշխատակցուհին հայուհուն հայտնում է, որ նրա՝ աշխատանքից ազատվելու պատճառը հենց այդ նամակն է, քանի որ իրենց մոտ չեն սիրում, երբ ինչ-որ մեկը բողոքում է, հարկավոր է սպասել, լռել, եթե մյուսներն էլ լռեին, միգուցե ամեն բան այլ կերպ դասավորվեր։ «Վիրավորական է, բայց լռիր»,- ասում է ռուս կինը։

«Ի՜նչ կապ ունի ազգությունը։ Քո մայրը ռուս է, դու ինչ կապ ունես, քո ազգանունը, պարզապես քո հայրը․․․»,- հավելում է կինը։ Հայուհին հեգնանքով նկատում է․«Պարզապես իմ հայրը․․․»։ 

Ռուս կինն ասում է, որ ամեն ինչ չէ, որ օդանավակայանի ղեկավարությունն է որոշում, «կան որոշ ծառայություններ, որոնք․․․»։ Կինը չի հստակեցնում խոսքը և հայուհուն առաջարկում է նոր աշխատանք գտնել։

 Հիշեցնենք, որ օդակայանի աշխատակիցներն ահազանգել էին, որ իրենց զանգվածաբար աշխատանքից ազատում են՝ ազգային խտրականություն ցուցաբերելով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ