02 08 2019

ԱՆ նախկին փոխնախարարի երեք հարցը Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված

ԱՆ նախկին փոխնախարարի երեք հարցը Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված

Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հարգելի´ հայրենակիցներ, վիճարկվող կոնվենցիայի շուրջ առկա հանրային տրամադրությունների երկփեղկվածությունը ստիպում է դրան անդրադարձ կատարել մասնագիտական դիտանկյունից և առանձնացնել մի քանի, առավել հայեցակարգային բնույթի հարցադրումներ, որոնք էական են բարձրացված մտահոգությունների համատեքստում: Կարծում եմ` ստորև նշված հարցերի կապակցությամբ իրավասու մարմինը պետք է հանդես գա համարժեք հիմնավորումներով ու պարզաբանումներով.

1. Հոդված 3, բ կետ

«ընտանեկան բռնություն»՝ նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ ԶՈՒԳԸՆԿԵՐՆԵՐԻ միջև:

Հարց. Արդյոք սա չի՞ նշանակում, որ կոնվենցիան վավերացնելով` իրավական համակարգ է ներմուծվում «զուգընկերներ» եզրը:

2. Հոդված 14, 1-ին մաս
Մասնակից պետությունները, հարկ եղած դեպքում, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ միջանձնային հարաբերություններում կանանց և տղամարդկանց միջև հավասարության, ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻՑ ԶԵՐԾ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԴԵՐԵՐԻ (…) հարցերով ուսումնական նյութերն ընդգրկվեն պաշտոնական ուսումնական ծրագրերում՝ կրթական բոլոր մակարդակներում:

Հարց. Ինչպե՞ս պետք է մեկնաբանել «կարծրատիպերից զերծ գենդերային դերեր» արտահայտությունն այն պարագայում, երբ կոնվենցիան այն բնորոշում է ոչ թե որպես ինքնին սեռական պատկանելիություն, այլ որպես սոցիալական դեր, վարքագծի տիպ, գործունեության տեսակ կամ հատկություն:

3. Հոդված 46, ա կետ

Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որպեսզի հետևյալ հանգամանքները, (…) հնարավոր լինի դիտել որպես ծանրացուցիչ հանգամանքներ՝ (…)

ա. եթե հանցագործությունը կատարվել է նախկին կամ ներկա ամուսնու կամ ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ նկատմամբ՝ ներպետական իրավունքում դրանց տրված իմաստով:

Հարց. Հիշյալ դրույթից չի՞ հետևում արդյոք, որ ներպետական օրենսդրությամբ հետագայում պետք է, ի թիվս այլ հասկացությունների, տրվի նաև ԶՈՒԳԸՆԿԵՐ բառի սահմանումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ