2018 թ.-ի ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված վարույթների քանակը եղել է 208-ը, իսկ միայն մինչև 2019 թ-ի հուլիս 1-ն իրականացրած վարույթների թիվը 1100-ն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը՝ նկատելով, որ ցուցանիշը 4.5 անգամ ակտիվացել է միայն տարվա կեսի դրությամբ:
«Իրականում, 208-ի մեջ էլ կեսը մեր աշխատանքն է, քանի որ նշանակումը մեր եղել է սեպտեմբերից: Այս ակտիվացումը պայմանավորված է այն փոփոխություններով, բարեփոխումներով, կադրային փոփոխություններով, որոնք իրականացվել են տեսչական մարմնում»,- ասաց նա:
Խուրշուդյանի խոսքով՝ իրենց ուշադրության կենտրոնում է եղել դեղերի վերահսկողության շուկան, ինչի արդյունքում բավականին մեծ քանակությամբ վարույթներ են իրականացրել՝ սխալ ներմուծման, կեղծ դեղորայքի, կեղծ փաթեթավորման և այլ դրվագներով:
«Խնդիրը շատ ավելի խորքային է, որովհետև օրենսդրական դաշտը, որը կարգավորում է դեղերի ներմուծումը, բավականին խնդրահարույց է: Փաթեթը, որը մարտից մտավ ուժի մեջ՝ կապված դեղերի ներմուծման նոր կարգի հետ, վերջին մի քանի օրերին քննարկման առարկա է դարձել, քանի որ այն միանշանակ չէ ու բազմաթիվ խոչընդոտներ կան, որի մասին բարձրաձայնում են նաև դեղերի խոշոր ներմուծողները: Դեղերի դաշտում վարույթներ են ունեցել նաև խոշոր ներմուծողների հետ կապված, ինչի արդյունքում նշանակվել են բավականին մեծ տուգանքներ: Տուգանքների չափը, որ կիրառվել է մեր տեսչական մարմին կողմից, գերազանցում է 300 մլն դրամը, որոնց հիմնական մասը պայմանավորված է դեղերի շրջանառության հետ»,- ընդգծեց Էդգար Խուրշուդյանը:
Վերջինս նշեց, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ իրականացրել են համատեղ գործողություններ՝ ուղղված մայրուղիների, ՀՀ-ում գործող գազալցակայանների և բենզալցակայանների սանհանգույցների սանիտարահիգիենիկ իրավիճակի բարեկարգմանը: Ըստ նրա՝ այս գործողությունների շրջանակում 300-ից ավել գազալցակայաններ են ստուգվել, ինչ արդյունքում վարչական վարույթներ են հարուցվել մոտ 90 %-ի նկատմամբ:
Խուրշուդյանը խոսեց նաև ջրի որակի մասին՝ շեշտելով, որ այն բավականին մեծ խնդիր է թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում:
«Ջրի որակի հետ կապված բազմաթիվ հետազոտություններ են իրականցվել, ինչից էլ պարզ է դարձել, որ մարզերում խախտումներն ավելի մեծ են: Բոլոր վարույթների նկատմամբ եղել են շատ հետևողական, արդյունքում ստացել ենք այն, ինչ պետք էր ստանալ, այսինքն՝ ունեցել են ջրի որակի բարձրացում, իսկ ովքեր չեն կարողացել համապատասխանեցել 2-3 անգամ, տուգանք է կիրառվել, որ հասնենք ջրի բարձր որակի»,- շարունակեց Էդգար Խուրշուդյանը:
Ինչ վերաբերում է հանրապետությունում սանիտարահիգիենիկ վիճակին, նա նշեց, որ պատվաստումների ընդհանուր թիվն անկում է ունեցել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը