02 08 2019

Ինչ է լինում, երբ Բոլթոնին բան ես խոստանում ու չես անում. 7or.am

Ինչ է լինում, երբ Բոլթոնին բան ես խոստանում ու չես անում. 7or.am

«Թավշյա իշխանափոխությունից»հետո Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ չեն լինելու, մասնավորապես` Ղարաբաղի հարցում։

Միառժամանակ անց «նորամուծություն» արեց` պնդեց, որ աշխարհն էլ շուռ գա, Արցախը պիտի դարձնի բանակցային ձեւաչափի լիարժեք կողմ (հիշեցնենք, այստեղ որեւէ նոր բան չկար. պաշտոնական Երեւանը մշտապես բարձրաձայնել է այդ մասին` ասելով, որ առանց Արցախի անմիջական մասնակցության` հակամարտությունը չի կարող լուծվել)։ Եվ վստահեցրեց` Հայաստանի որեւէ իշխանություն այնպիսի հայանպաստ «դիրքորոշում» չի ունեցել Արցախի հարցում, որքան ինքն ու իր թավշյա կառավարությունը։

«Արդյունքը» եղավ այն, որ Ադրբեջանը վերակենդանացրեց չեղած բանը` Ղարաբաղի «ադրբեջանական համայնքը»որպես ինքնորոշված Արցախին հավասար «սուբյեկտ» բանակցային գործընթացի մասնակից դարձնելու մեռելածին գաղափարը։ Սա նշանակում է, որ եթե Արցախի ղեկավարությունը երբեւէ նստի բանակցային սեղանի մոտ, ապա բացառապես «ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ` նույն «կարգավիճակով»։

Ավելի ուշ Փաշինյանը հպարտ քաղաքացիներին աչքալուսանք տվեց, թե փոշմանել է. չի շարունակում նախորդ իշխանությունների քաղաքականությունը` բանակցություններն «իր կետից» է սկսել։ Որն է այդ կետը` չբացահայտեց, բայց առանց ասելու էլ պարզ էր` խոսքը «ճակատագրական» այն հանգրվանի մասին է, երբ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու եւ մոնիտորինգի հնարավորություններն ընդլայնելու վերաբերյալ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գրավոր պայմանավորվածությունները ջրվեցին եւ փոխարինվեցին չկրակելու (կամ ավելի քիչ կրակելու) մասին վերելակային համաձանայնությամբ։

Ադրբեջանը չհապաղեց օգտվել հարաբերական հրադադարից` ամրապնդեց իր կրակակետերն ինժեներական նոր կառույցներով եւ «չեզոք գոտու» հաշվին առաջ բերեց իր դիրքերը։

Հընթացս Փաշինյանը «նոր շեշտադրումներ» մտցրեց «ավելի քան երբեւէ հայանպաստ» թավշյա դիրքորոշման մեջ։ Մասնավորապես, հայտարարեց, որ չի ուզում պատասխանատվություն ստանձնել` «հանրությո՛ւնը» պետք է ասի, թե ինչպես է տեսնում հարցի լուծումը, շպարգալկա կազմի, իր ձեռքը տա ու ասի` գնա, կռիվ տուր դրա համար։ Եվ երկրորդեց ԼՏՊ-ի նախասիրած թեզերից մեկը` Հայաստանը չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, որի տակ չի լինի Ղարաբաղի ստորագրությունը։ Կամ, որ նույնն է` «համոզեք» ղարաբաղցիներին, եւ Հայաստանի հետ խնդիր չեք ունենա։

Բոլթոնի տարածաշրջանային այցից հետո մամուլում եւ սոցիալական ցանցերում անընդմեջ շրջանառվում է Բոլթոնի պլանի շրջանակում`բաց կոմունիկացիաների եւ որոշակի դրամական «փոխհատուցման» դիմաց տարածքներ հանձնելու վարկածը, որին Փաշինյանը հրապարակավ ո՛չ «հա» է ասել, ո՛չ «չէ»։ Բայց ո՛չ անձամբ, ո՛չ իր պաշտոնական կամ ոչ պաշտոնական խոսափողերի միջոցով չի հերքել, որ բանակցությունները հենց Բոլթոնի պլանի շուրջ են։

Փաշինյանի ընտանեկան թերթը վերջերս երկչոտ փորձ արեց` թարմացնելու հարցի փուլային կարգավորման`«ոչնչի դիմաց» ազատագրված տարածքներն ապառազմականացնելու եւ «օրինական» տիրոջը հանձնելու, ադրբեջանցի փախստականներին «իրենց բնակավայրերը» վերադարձնելու տերպետրոսյանական տեսլականը եւ անարգանքի սյունին գամեց ՀՀ երկրորդ նախագահին։ Նրա համար, որ 1998-ին «ապօրինաբար զավթելով» իշխանությունը` թույլ չտվեց Տեր-Պետրոսյանին հորով-մորով անելու այդ «խոստումնալից» ծրագիրը։

Փաշինյանը դեռ չի գրել ի՛ր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»-ը, բայց, դատելով ամենից, հարցը օրակարգից դուրս չի եկել։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետը «միանշանակ» հայտարարեց` ցանկացած լուծում պետք է բավարարի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Ադրբեջանի ժողովուրդներին։ Ո՞րն է այն լուծումը, որ կարող է բավարարել Ադրբեջանի ժողովրդին`թերեւս, պետք չէ բացատրել։ Ալիեւը հազար անգամ ասել է` Ղարաբաղը «օկուպացված 7 շրջաններով» հանդերձ պետք է վերադարձվի Ադրբեջանին, եւ վե՛րջ` այլ տարբերակ չկա եւ երբեք չի եղել։

Քարտ-բլանշ` Ադրբեջանին

Թրամփի վարչակազմի որոշումը` զրկել Արցախին ականազերծման նպատակով տրամադրվող ամենամյա օգնությունից, գալիս է` ասելու, որ «կիսաձայն» արված այդ հայտարարությունը չի բավարարում ամերիկյան կողմին` Նիկոլը չի կատարել Բոլթոնին տված խոստումը։ Այն է`օր առաջ «լուծել» Ղարաբաղի հարցը, դրանով իսկ` օտարել Ռուսաստանը տարածաշրջանից եւ Հայաստանը դարձնել հակառուսականության երկրորդ ֆորպոստը`Վրաստանից հետո։

Իսկ ամերիկացիներն, ի տարբերություն ՀՀ հպարտ քաղաքացիների, չեն ներում խոստմնազանցությունը. «ուղիղ տեքստով» ասում են`խոստացել ես, պիտի անես, թե չէ`վատ կլինի։

Սա նախազգուշացում է Հայաստանի «խոստումնառատ» վարչապետին եւ քարտ քլանշ` Ադրբեջանին։ Թափանցիկ ակնարկ, որ եթե Ալիեւի վարչախումբը որոշի հարցը լուծել ռազմական ճանապարհով, Միացյալ Նահանգները չի խոչընդոտի, եթե չասենք ավելին։

Եվրոպան, ի դեմս Ֆրանսիայի, նույնպես դեմ չէ միանալ, կարելի է ասել, արդեն միացել է Արցախի դեմ «պատժամիջոցներին»`հերթով չեղյալ հայտարարելով Արցախի «քույր քաղաքների» հետ համագործակցության պայմանագրերը։

Եվ այդպես էլ պետք է լիներ. եթե Հայաստա՛նն է վարչապետի մակարդակով «պատժամիջոցներ կիրառում» Արցախի ղեկավարության եւ գեներալիտետի դեմ, կոպտորեն միջամտում Արցախի ներքին գործերին` զրոյացնելով Արցախը որպես ինքնուրույն գործոն բանակցային գործընթացում, ինչո՞ւ պիտի օտարները չտրվեն Արցախի ձեռքերը ոլորելու եւ իրենց ցանկացած լուծումը պարտադրելու գայթակղությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ