ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնում է «Սոցիալական շտապօգնության» ստեղծում, որը նպատակ ունի միավորել հայաստանյան բոլոր բարեգործական կազմակերպություններին, մարդասիրական նախաձեռնություններին և անհատներին` համատեղ ջանքերով գտնելու ուղիներ` աջակցության կարիք ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման համար:
«Սոցիալական շտապօգնությունը» միտված է միավորելու ոչ միայն կազմակերպությունների, հիմնադրամների կամ բարեգործական կազմակերպությունների ջանքերը, այլև՝ անհատների, ովքեր կարող են և ցանկանում են իրենց կարողությունների և հմտությունների շրջանակում աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց:
Նախաձեռնության առաջին քայլը կամավորների բանկի ստեղծումն է, որը հնարավորություն կտա գնահատելու մեր ունեցած մարդկային, մասնագիտական ռեսուրսները, ծառայությունների բազմազանությունն ու բաշխվածությունը՝ ըստ տարածքների:
«Սոցիալական շտապօգնության» կամավորների ռեգեստրում գրանցումը կատարվում է բացառապես կամավորության սկզբունքով և փոխօգնության գաղափարախոսությամբ:
«Սոցիալական շտապօգնության» համակարգի շրջանակներում տրամադրվող հիմնական սոցիալական ծառայություններն են.
1) Հոգեբանական օգնություն.
2) Խնամքի ծառայությունների միանվագ տրամադրում.
3) Փաստաբանական օգնություն (քաղաքացիական գործերով).
4) Կացարանի տրամադրում.
5) Բնաիրային օգնություն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Սոցիալական շտապօգնության» գաղափարի իրականացման հարցում փնտրում է գործընկերների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը