05 06 2019

Կստեղծվի սոցիալական շտապօգնության համակարգ

Կստեղծվի սոցիալական շտապօգնության համակարգ

«Սոցիալական շտապօգնության համակարգի ներդրման գաղափարը քննարկվել է դեռեւս նախորդ տարիներին, բայց այժմ գործընթացի տրամաբանական ավարտին ենք հասել: Այս համակարգի հիմնական նպատակը, ըստ էության, հրատապ օգնության կարիքների համակարգված հավաքագրումն ու արձագանքումն է: Այն ենթադրում է ապակենտրոն աշխատանք, այսինքն՝ պետք է ունենանք սերտ ներգրավվածություն՝ թե՛ տարածքային մարմինների, եւ թե՛ գործող հասարակական կազմակերպությունների կողմից, որպեսզի շատ ավելի արդյունավետ ու հասցեական կարողանանք կարգավորել բոլոր խնդիրները»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ:

Փոխնախարարը նշել է, որ ստեղծվելու է մի հարթակ, որտեղ ենթադրվում է սերտ համագործակցություն պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ու անհատների միջեւ եւ որտեղ հնարավոր կլինի քաղաքացիների կարիքներն ամբողջությամբ, համակարգված հասցեագրել.

«Բուն գործընթացը պատկերացնում ենք տարբեր կազմակերպությունների եւ անձանց ներգրավմամբ, իսկ տրվող աջակցությունը՝ ավելի համակարգված ձեւով, որպեսզի ունենանք եւ՛ համաչափ բաշխում, եւ՛ կարիքների համաչափ հասցեագրում տարբեր բնակավայրերում: Սա կօգնի նաեւ արմատավորել փոխօգնության մշակույթը համայնքային մակարդակում, որը շատ կարեւոր եմ համարում»:

Նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը տեղեկացրել է, որ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ նախատեսվում է օգտագործման պիտանի մթերքի եւ այլ բնաիրային օգնության (օրինակ՝ կահույք, հագուստ) հավաքագրում, որը կբավարարի սահմանված անվտանգության չափանիշները.

 «Նախատեսել ենք ժամանակ առ ժամանակ որոշակի ծրագրեր իրականացնել նաեւ այն սահմանամերձ բնակավայրերում, որոնք մարտական գործողությունների հետեւանքով սոցիալական որոշակի ռիսկեր ունեն»,- հավելել է Ա. Մինասյանը:

Պատասխանելով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ իրենց մասնակցության եւ գործառույթների վերաբերյալ հարցին, փոխնախարարը տեղեկացրել է, որ ծրագրում ներգրավվելիք կազմակերպությունները պետք է ցանկություն հայտնեն մասնակցելու աշխատանքներին, գրանցվեն, որից հետո հետագա գործողությունները կհամակարգվեն հարթակում: Իսկ համակարգի գործունեության վերահսկման ապահովման հարցի վերաբերյալ  Ժ. Անդրեասյանը նշել է, որ նախատեսվում է համակարգումը պատվիրակել՝ որպես առանձին գործառույթ. «Ունենալու ենք առնվազն հինգ հոգի, որոնց հիմնական գործունեությունը եւ աշխատանքը լինելու է սոցիալական շտապօգնության համակարգի գործարկումն ու վերահսկողությունը: Երբ համակարգը կզարգանա եւ իսկապես կդառնա փոխօգնության մշակույթ, նախարարության մասնակցությունը այլեւս չի պահանջվի: Մենք ուղղակի հարթակը կհամակարգենք, որպեսզի մարդիկ կարողանան տեղեկատվության փոխանցում իրականացնել եւ կկարողանանք ուղղորդել այն կազմակերպություններին, որոնք ուզում են որոշակի աջակցություն ցուցաբերել անհատներին... Ու, քանի որ կա համակարգում եւ որակական նվազագույն պահանջներ, օրինակ՝ սննդամթերքի, բնաիրային օգնության եւ ծառայությունների վերաբերյալ, մենք նաեւ կերաշխավորենք, որ այդ աջակցությունը սահմանված մակարդակից ցածր չլինի: Այսինքն՝ պետությունը պետք է համակարգի եւ երաշխավորի նվազագույն որակակական չափանիշները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ