Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանա լճին, հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին, փոխանցում է РИА Новости գործակալությունը:
Նրա խոսքով` կլիմայի փոփոխությունն արմատապես ազդում է Հայաստանի լանդշաֆտի վրա. «Կլիմայի փոփոխությունից ամենաշատը տուժել է Սևանա լիճը: Ջերմաստիճանի բարձրացումը ստեղծել է մի իրավիճակ, երբ առկա է Սևանը որպես լիճ կորցնելու հեռանկարը», - ասել է Ավինյանը՝ ավելացնելով, որ այս պահի դրությամբ Հայաստանի իշխանություններն աշխատում են այդ խնդրի լուծման ճանապարհները գտնելու ուղղությամբ:
Փոխվարչապետը նշել է, որ փորձում են լճի մակարդակը բարձրացնել մոտ 6 մետրով, ինչը նշանակում է, լճում ավելի շատ ջուր է անհրաժեշտ. «Դրա շնորհիվ, սառը ջրի մակարդակն ավելի ցածր կլինի, ինչը թույլ կտա Սևանը որպես լիճ պահպանել, համենայնդեպս մոտ ապագայում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը