168.am-ը գրում է.
Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն իր նախկին գործընկերներին կամ ներկայիս իշխանությանը տգետ, բթամիտ ու լկտի սուտասան է անվանել:
և համարում է, որ «ներկայիս պաշտոնյաներն իրենց ճիվաղ «ես»-ից այն կողմ՝ ամեն ինչի վրա թքած ունենալու նոմենկլատուրայի մեջ են դրսևորվում։
Նկատենք, 2019թ. փետրվարին շատ անսպասելիորեն պաշտոնանկ արված ստուգող մարմնի ղեկավարը, ով նախկին իշխանության օրոք հայտնի ակտիվիստ էր և ընկալվում էր՝ իբրև ամենաազնիվ բնապահպաններից մեկը, ու հեղափոխությունից հետո միայն մտավ պետական կառավարման համակարգ, ըստ էության, լուռ էր, և առաջին անգամ է արտահայտվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության մասին և միանգամից՝ այսքան կոշտ գնահատականով: Եվ նա իր վերաբերմունքն արտահայտել է Սևանա լճի լուրջ խնդրի համատեքստում՝ ներկայիս պաշտոնյաների հետ համեմատությունը տանելով «Չեռնոբիլ» հայտնի ֆիլմի դրվագների հետ:
Նա գրել է. «Քիչ առաջ «Չեռնոբիլ» ֆիլմն էինք նայում՝ տեղական չինովնիկական դասի հետ համընկումներն ապշեցուցիչ են՝ նույն տգետ, բթամիտ բյուրոկրատները, նույն լկտի սուտն «ամենաբարձր» մակարդակներում ու իրենց ճիվաղ «ես»-ից այն կողմ ամեն ինչի վրա թքած ունենալու նոմենկլատուրային էությունը»:
Մի ուշագրավ փաստ ևս՝ երկար լռությունից հետո նա առաջին անգամ է խոսել նաև իր պաշտոնակության մասին՝ այն անուղղակիորեն կապելով Սևանա լճի հաշվին գործող կոռուպցիոն սխեմայի իր բացահայտման հետ, որի մասին զեկուցվել է անձամբ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մինչդեռ հանցագործության կծիկը բացելու և կոռուպցիայի շղթայի թելը կտրելու փոխարեն՝ Փաշինյանը Դավոսից հրաման է արձակել հանցագործությունը բացահայտած պաշտոնյային աշխատանքից ազատելու մասին, որին, ի դեպ, հենց ինքն էր մեծ վստահությամբ նշանակել վերահսկողի այդ պաշտոնին:
Եվ, ինչպես Արթուր Գրիգորյանն է նկատում, խնդիրը կառավարության նիստի քննարկումից այն կողմ այդպես էլ չի անցել, կոծկվել է գործը նաև իրենից հետո:
Ի դեպ, Արթուր Գրիգորյանը հաջորդ սկանդալային բացահայտումն է արել օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջից տարածած հայտարարությամբ՝ առ այն, որ հակառակ Նիկոլ Փաշինյանի համառ պնդումների, թե համակարգային կոռուպցիան վերացել է, իրականում «այլևս կարող ենք խոսել համակարգային կոռուպցիայի մասին», և նա իր ասելիքը հիմնավորել է՝ ի ցույց դրված մի խումբ փաստարկներով:
Այս օրերին Սևանում ընթացող ճահճացման պրոցեսը բնապահպանն ազգային անվտանգության խնդիր է որակում, իսկ ներկայիս իշխանության սառը վերաբերմունքը՝ բնապահպանական տնտեսական հնարավոր աղետի նկատմամբ, հանցավոր անտաբերություն է համարում:
Ստեղծված իրավիճակի մեղավոր բնապահպանը տեսնում է ՀՀ Գլխավոր դատախազություն-Ոստիկանությունը, և զուգահեռ՝ այլ իրավական կառույցներում իրենց դիրքերը պահած իշխանությանը հանդուրժելու մեջ:
«Իմ հետևությունն այն է, որ նախկին իշխանության հիմնական պատասխանատու օղակներում՝ Դատախազություն-ոստիկանություն, Բնապահպանության նախարարություն, քննչական այլ մարմիններ, այստեղ գործում են հները, և նրանք են ըստ էության կառավարում համակարգը՝ այնպես, ինչպես նախկինում»,– ասում է Արթուր Գրիգորյանը և ակնարկում, որ այժմ Շրջակա միջավայրի նախարարության անվանափոխված Բանպահպանության նախարարությունում հեղափոխական կադրի կառավարումը ֆոմալ բնույթ է կրում:
Բնապահպանն ապշած է, որ ճահճացող Սևանի տագնապային խնդրին մինչ օրս միայն մեկ պաշտոնյա է անդրադարձել՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, մյուսներիը լուռ են վերից վար:
Գործադիր իշխանության ուշացած արձագանքը՝ քաղաքացիներից, ակտիվիստներից և ապա՝ միջազգային մամուլից հետո, բնապահպան Արթուր Գրիգորյանը նորմալ չի համարում: Նախարար Էրիկ Գրիգորյանի պարզաբանումների մասին կարծիք չունի, հավաստիացնում է, թե չի հետևել լրահոսին, իսկ Նիկոլ Փաշինյանի ուշացող արձագանքը ենթադրաբար կապում է այս պահին տարվող ուսումնասիրությունների հետ, որպեսզի կարծիք հայտնելիս երկրի ղեկավարը չսխալվի և ստիպված չլինի հերքել հետագայում:
Արթուր Գրիգորյանը չի բացառում, որ Սևանի շուրջ տեղի ունեցող պրոցեսներ լինեն ու դրան զուգընթաց քայլերը դառնան որոշ պաշտոնյաների հրաժարականի պահանջ։
«Իրավիճակն այնպիսին է, որ ես չեմ բացառում՝ ինչ-որ պաշտոնյաների հրաժարականի պահանջ դառնա, հանրային պահանջ ձևավորվի»,- ասում է բնապահպանը՝ չորոշակիացնելով՝ ինքն այդ ակցիաները կխրախուսե՞ր, թե՞ ոչ:
«Այն, ինչ այս պահին կատարվում է Սևանի հետ, ազգային անվտանգության խնդիր է, ճահճացման գործընթացը երկրին տնտեսական ու էկոլոգիական լուրջ վտանգների առաջ կկանգնեցնի: Կենդանական աշխարհը կդառնա էկզոտիկ կենսամիջավայրին բնորոշ, փաստորեն, գորտերի համար հարմար միջավայր է դառնում Սևանը»:
Եվ սրանում նա մեղադրում է նախկին և ներկա իշխանություններին՝ ընդգծելով, որ այն, ինչ պետք է նախկին իշխանությունն աներ, չի արել նաև այս իշխանությունը:
«Պարզապես չպիտի խաղային էկոհամակարգի հետ՝ ջրի բացթողում, ջրի մակարդակի բարձրացում ապահովելու պրոցեսների ժամանակ, և հետո պիտի քայլեր ձեռնարկվեին կլիմայի փոփոխության ժամանակ, որպեսզի կլիմայի տաքացման պայմաններում զուգընթաց քայլերն այս աստիճան չազդեին էկոհամակարգի վրա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը