13 07 2019

Ամուլսարի թեման կրկին թեժանում է․ կան բերման ենթարկվածներ

Ամուլսարի թեման կրկին թեժանում է․ կան բերման ենթարկվածներ

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հուլիսի 13-ին քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելել են խմբի մուտքը հանքի տարածք: Այս մասին հաղորդել է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն:  

«Փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը՝ խմբի անարգել մուտքը ապահովելու համար»,-ասվում է ՔԿ–ի հայտարարության մեջ:

Նշենք, որ որոշ քաղաքացիներ բերման են ենթարկվել։

Լիդիան Արմենիա» ընկերության հայտարարություն է տարածել Ամուլսարում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«ՀՀ Քննչական կոմիտեն ծանուցել էր «Լիդիան Արմենիա» ընկերությանը, որ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր Քննչական կոմիտեի քննիչները՝ փորձագետների մասնակցությամբ պետք է իրականացնեն միջոցառումներ Ամուլսարի տարածքում։

«Լիդիան Արմենիա» ընկերությունն այս այցը չի նախաձեռնել, ընկերության երկու փորձագետները ուղեկցել են Քննչական կոմիտեի քննիչներին և փորձագետներին։ Մի խումբ ցուցարարներ, որոնք արդեն մեկ տարի ապօրինի փակ են պահում Ամուլսարի ճանապարհները, խոչընդոտել են Քննչական կոմիտեի մուտքն Ամուլսարի տարածք՝ չենթարկվելով ոստիկանության պահանջին։

Սա հերթական անգամ ապացուցում է Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակական ապօրինությունների մասշտաբը: Մի խումբ մարդիկ, որոնք մեր համոզմամբ չեն ներկայացնում համայնքի տեսակետը, արդեն մեկ տարուց ավելի իրականացնում են անպատիժ ապօրինություն՝ փորձելով տապալել երկրի ամենախոշոր միջազգային ներդրումը։ Այսօր էլ նրանք փորձել են խոչընդոտել փորձաքննական միջոցառումները, որի նախաձեռնողը ՀՀ Քննչական կոմիտեն է»:

ՄԻՊ-ը հայտնել է, որ հարցն իր ուշադրության կենտրոնում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ