12 07 2019

Ով է որոշում` ով ինչի է արժանի

Ով է որոշում` ով ինչի է արժանի

Բժշկական օգնության կարիք ունեի. գնացի պոլիկլինիկա` հերթափոխից ճիշտ կես ժամ առաջ։ Սպասող ոչ ոք չկար։ Վեցերորդ տասնամյակը բոլորած պատկառելի արտաքինով բժշկուհին ինձ տեսնելով` ասաց. «ես պրծա, մյուս բժիշկուհին հիմա կգա»։ Կաբինետի դուռը կողպեց ու հեռացավ։ Մյուս բժշկուհին փոքրինչ ուշացումով եկավ` ընկերուհու հետ։ Երկուսն էլ` թոշակի տաիքը վաղուց մոռացած, խնամված ու ո՛չ պակաս պատկառելի արտաքինով։ Ինձ էլ սուրճ հյուրասիրեցին, տեղը-տեղին հարցուփորձ արեցին` նաև ականջիս մասին, բժշկուհին դեղ դրեց, խորհուրդներ տվեց, փող չվերցրեց ու անցավ «բա հետո ի՞նչ ա լինելու» թեմային.

- Լսելու ի՞նչ կա որ. մի ականջով էլ կլսես։ Մեկ ա` Նիկոլը էլ ոչ մի նոր բան չի ասում, ինչ էլ ասել ա` հակառակն ա անում։ Չէ, ես չեմ բողոքում։ Նույնիսկ գոհ եմ. մեր տնօրենին փոխեց, բայց ինձ թողեց` աշխատեմ։ Չորս տղա ունեմ` բոլորը պետական աշխատանքի են. նրանց էլ ձեռ չի տվել։ Գործերը նայել ա, տեսել ա, որ ոչ մի բանի չեն խառնվել, ասել ա` թող աշխատեն։ Էդ քննությունն էլ չորսն էլ նորմալ անցել են. ստորագրություն են տվել, որ ցույց-մույցի չեն գնալու, քթները ոչ մի տեղ չեն խոթելու, գլուխները կախ աշխատելու են։

- Ու գո՞հ եք, որ երկրի ղեկավարն անձամբ է որոշում, թե որ բժիշկը աշխատի, որը` չաշխատի։ Նորմա՞լ է, որ Ձեր տղաները աշխատանքը կորցնելու վախից պետության ղեկավարին լոյալության երդում են տալիս, հավատաքննություն են անցնում։

- Տղա ջան, դե հիմա էդպես ա։ Ի՞նչ կարանք անենք։ Մեզ ո՞վ ա բանի տեղ դնում։ Տղերքս էլ են ասում` մամ ոչ մի նորմալ բան չկա, ոչ մեկը չի աշխատում։ Բայց հո առանց աշխատանքի չեն մնալու. ընտանիք են պահում։ Հիմա էլ գիտես...

- Գիտեմ, որ ամեն մեկս` մենակ մեր մասին մտածելով, երկիրն ա անտեր մնում...

- Տղա ջան, գործ չունես... հիմա ով խոսում ա` մի բան վրեն սարքում են... Երկու օրից կգաս` որ բուժումդ շարունակենք. առավոտյան շուտ արի, որ մի քիչ երկար զրուցենք։

Պոլիկլինիկայից դուրս եկա ու մտա կողքի փոստատունը, որ տան վարձերը մուծեմ։ Մի տատիկից հետո հերթ կանգնեցի։ Նույն բժշկուհու տարիքի կին էր` տան խալաթով, հյուծված, խեղճացած, վախեցած, կռացած, փոքրիկ դրամապանակը երկու ձեռքով պինդ բռնած անընդհատ կողքերն էր նայում։ Սպասարկող աղջիկը բարձրաձայն մի քանի անգամ կրկնեց. -Երկու հազար երեք հարյուր երեսուներկու դրամ. տպե՞մ։ Տատիկը, որ փաստորեն ամբողջ ամիսը գրեթե հոսանք, ջուր ու գազ չէր օգտագործել` խնայել էր, որքան կարողացել էր, կարկամած, ինչ-որ բան փնտրող հայացքով դես ու դեն էր նայում։ Դրամապանակը դատարկեց սեղանին ու ասաց. - Աղջիկ ջան, էսքանը տես ինչի՞ն ա հերիքում։ Առաջարկեցի պակասող գումարը լրացնել։ Կտրուկ հրաժարվեց. - Տղա ջան, ես աղքատ եմ, բայց մուրացկան չեմ։ Մի խորն ու գաղտնի «գրպանից» հանեց հանգուցած թաշկինակը` սեփական «բանկից» դուրս բերեց վերջին հազարանոցը, մուծեց ողջ գումարը ու լուռ դուրս եկավ փոստատնից։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ