21 06 2019

Կանանց համար հասանելի դարձնել ԶՈւ բոլոր պաշտոնները․ ՄԻՊ տարեկան հաղորդումը

Կանանց համար հասանելի դարձնել ԶՈւ բոլոր պաշտոնները․ ՄԻՊ տարեկան հաղորդումը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի առաջնահերթություններից է զինված ուժերում կանանց դերի բարձրացման, խտրականության արգելքի, նրանց իրավունքների և ազատությունների ապահովման խնդիրները, հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Հասարակությունում դեռևս պահպանվում է այն կարծրատիպը, թե զինվորական ծառայությունը նախատեսված է միայն տղամարդկանց համար: Չնայած, ատիճանաբար ավելի դրական վերաբերմունք է դրսևորվում զինված ուժերը կանանցով համալրելու հարցին՝ կանայք զինված ուժերում և հատկապես՝ հրամանատարական բարձր կոչումներ ունեցող անձանց շարքերում, դեռևս շարունակում են փոքրամասնություն կազմել:

Պետք է հետևողական միջոցներ ձեռնարկել զինված ուժերում կանանց դերի բարձրացման ուղղությամբ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման հիմնական առաջարկները հանգում են հետևյալին.

  • օրենքով սահմանել, որ ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում որոշում է կայացվում նույն բնակավայր ծառայության տեղափոխել նաև ամուսնուն (կնոջը) նրա (նրանց) համաձայնությամբ, եթե փոխվում է մշտական բնակության վայրը: Դրա անհնարինության դեպքում ծառայության նոր վայր տեղափոխումը չի կատարվում,
  • օրենքով սահմանել, որ տարբեր համակարգերում ծառայող ամուսինները ծառայության են նշանակվում միմյանց հնարավորինս մոտ զորամասերում, որպեսզի կարողան միասին բնակվել,
  • կին զինծառայողների իրային ապահովումը համապատասխանեցնել նույնաբնույթ ծառայություն անցնող տղամարդ զինծառայողների իրային ապահովմանը,
  • զինծառայողների իրային ապահովման հաճախականությունը սահմանազատել ըստ (պայմանական անվանմամբ) զորամասային և ոչ զորամասային պայմաններում ծառայություն իրականացնելու հանգամանքի,
  • զանգվածային լրատվության միջոցներով ավելացնել կանանց զինվորական առօրյան լուսաբանող տեղեկատվությունը՝ շեշտադրելով կանանց առանցքային դերը զինվորական ծառայության մեջ,
  • կատարել ակտիվ հանձնառություն՝ փոխելու մտածողությունը բոլոր հրամանատարական մակարդակներում և փոխելու զինված ուժերի ներքին մշակույթն այնպես, որ բոլոր տարբերությունները դրականորեն ընդունվեն և հաշվի առնվեն,
  • ներառել ուսուցում սեռերի հավասարության վերաբերյալ ռազմական ուսուցման բոլոր փուլերում և ռազմական ուսումնական հաստատություններում ապահովել թե կանանց, թե՛ տղամարդկանց դասավանդումը,
  • կանանց համար հասանելի դարձնել ՀՀ զինված ուժերի բոլոր պաշտոնները բոլոր տեսակի զորքերում,
  • միջոցներ ձեռնարկել կանանց հավաքագրելու և նրանց այն դերերում ներգրավելու ուղղությամբ, որոնցից նրանք նախկինում դուրս են թողնվել,
  • դիտարկել այդ մասնագիտությունների համալրման ժամանակ կիրառված ֆիզիկական չափանիշները և փորձնական ծրագրերի նպատակահարմարությունը՝ կանանց համալրումն այդ մասնագիտություններում խթանելու նպատակով,
  • զինվորական ծառայությանն առնչվող տարբեր քննարկումների ու դասընթացների ժամանակ կանոնավոր կերպով ընդգրկել բոլորի իրավահավասարության, տվյալ դեպքում՝ կանանց իրավունքներին վերաբերող հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ