16 05 2019

Մեկնարկում է 2020թ․ «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը

Մեկնարկում է 2020թ․ «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը

Մինչ աշխարհն սպասում է, երբ հայտնի կդառնա 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է մրցանակի 2020 թվականի առաջադրումների մեկնարկը: 

IDeA մամուլի ծառայությունը տեղեկացնում է՝ ամենամյա գլոբալ մրցանակը, որն ստեղծվել է «Ավրորա» մարդասիրական նածաձեռնության կողմից, գտնում եւ աջակցում է մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար փրկում են մարդկանց կյանքն աշխարհի վտանգավոր անկյուններում. այն շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, կոչված է ընդգծելու այն մարդկանց բացառիկ խիզախությունն ու նվիրվածությունը, ովքեր մեծ ազդեցություն են ունենում մարդկանց կյանքը փրկելու ու բարելավելու գործում:

2015 թվականից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարում է այս բացառիկ հերոսներին, խրախուսում նրանց եւ բարձրացնում իրազեկությունը նրանց անձնուրաց աշխատանքի մասին:

«Ավրորայի» հերոսի կարող է առաջադրել յուրաքանչյուր ցանկացող: Մրցանակին հավակնում են խիզախ եւ անձնվեր մարդիկ, որոնք վտանգում են սեփական կյանքը, առողջությունը, ազատությունը՝ պահպանելու այլոց կյանքը: Առցանց առաջադրումներին հետեւում է մարդասիրության ոլորտում հայտնի փորձագետներից կազմված խորհուրդը: Վերջնական որոշում կայացնում է  «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը, որի մեջ մտնում են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ միջազգային ճանաչում ունեցող մարդու իրավունքների պաշտպաններ: «Ավրորա» մրցանակի չափանիշներն ու ընտրական գործընթացի մանրամասն նկարագրությունը ներկայացված են մրցանակի կայքում:

Ամեն տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 1 մլն դոլարի պարգեւ է շնորհում դափնեկրին՝ բացառիկ հնարավորություն տալով շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

«Ավրորա» մրցանակի մեկնարկից՝ 2015-ից սկսած՝ ստացվել է 1399 առանձին թեկնածուների ավելի քան 2200 առաջադրում՝ մոտ 125 երկրներից, ավելի քան 20 լեզուներով։ 2019թ. «Ավրորա» մրցանակի համար եղել է 719 առաջադրում 72 երկրից, ընդ որում՝ 523-ը՝ չկրկնվող թեկնածուներ: 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա 2019թ. հոկտեմբերի 20-ին` առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում:

Վերջին տարիների ընթացքում ընտրվել է «Ավրորայի» 14 հերոս, դափնեկիր: Դափնեկիրներից յուրաքանչյուրն առաջադրել է երեքական կազմակերպություն, որոնց միջոցով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օգնել է պայքարել մանկական աղքատության դեմ, բարելավել փախստականների եւ ծնողազուրկ երեխաների դրությունը, կրթական, հոգեբանական եւ բժշկական օժանդակություն ցուցաբերել պատերազմներից տուժածներին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող երեխաներին եւ սեռական բռնության զոհերին։ Դա հնարավոր է դարձել աշխարհով մեկ տարբեր նախաձեռնությունների միջոցով՝ ներառյալ միկրովարկային ծրագրերը, կրթաթոշակները, տարրական, միջին եւ մասնագիտական կրթական ծրագրերը, բժշկական պարագաների տրամադրումը եւ այլն: «Ավրորա» մրցանակը 3,3 մլն դոլար է նվիրաբերել մարդասիրության 11 ոլորտներում իրականացվող 23 նախագծի՝ ամբողջ աշխարհում:

Անցած տարի «Ավրորա» մրցանակը շնորհվեց փաստաբան եւ ռոհինջա մուսուլման առաջնորդ Չո Լա Աունին, որը, չնայած հալածանքներին եւ 12 տարի անազատության մեջ անցկացրած տարիներին, շարունակում է պայքարել Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների համար: «Ավրորա» մրցանակն աջակցում է Չո Լա Աունի առաջադրած միջազգային կազմակերպություններին, որոնք բժշկական եւ այլ անհրաժեշտ օգնություն են տրամադրում Մյանմայի փախստականներին:

«Հայ ժողովուրդն իր մեծագույն ողբերգությունն ապրեց մեկ դար առաջ, հիմա, կարծես, ռոհինջա ժողովուրդն է նմանատիպ արհավիրքի միջով անցնում: Հայոց ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց պատահական չէ, որ հենց դուք եք հույս ներշնչում եւ օգնության ձեռք մեկնում ծայրահեղ կարիքի մեջ հայտնված մարդկանց: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության օրինակը պետք է վարակիչ լինի, քանի որ սա է մարդասիրական ճգնաժամերն ու մարտահրավերները հաղթահարելու միակ ճանապարհը՝ աշխարհը դարձնելով փոքր-ինչ ավելի ապահով վայր մարդկության համար՝ անկախ էթնիկ, ռասայական եւ կրոնական պատկանելությունից», - ասել է 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը:

2020 թվականի «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսվում է 2019 թվականի մայիսի 16-ին՝ «Միասին խաղաղ ապրելու» միջազգային օրը, որը ՄԱԿ-ը հռչակել է միասին ապրելու եւ արարելու ցանկության նպատակով՝ հանուն խաղաղ, համերաշխ, ներդաշնակ եւ կայուն աշխարհի ստեղծման: Առաջադրումների փուլը կավարտվի 2019թ. հոկտեմբերի 31-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ