06 05 2019

Դավիթ Սանասարյանի մամուլի խոսնակն ազատվել է աշխատանքից

Դավիթ Սանասարյանի մամուլի խոսնակն ազատվել է աշխատանքից

ՀՀ պետական վերահսկողական ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս կապակցությամբ նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Սիրելի իրական լրագրողներ, իրավագիտակից ու սիրող քաղաքացիներ

Սրտի մասնագիտությամբ լինելով լրագրող՝ տարիներ շարունակ՝ սկզբում ինքնուս, ապա բուհում ձեռք բերեցի մտքի մասնագիտությունս՝ իրավագիտություն՝ մասնագիտանալով հատկապես դատական սխալների ոլորտում:

Երբ թավշյայից հետո՝ անցյալ տարվա օգոստոսին, Պետական վերահսկողական ծառայության պետ, հեղափոխական ազնվագույն քաղաքացի Դավիթ Սանասարյանից առաջարկ ստացա՝ ՊՎԾ-ում լինել լրատվության բաժնի ղեկավարի պաշտոնակատար, դեռ սովորում էի Փաստաբանական դպրոցում: Պատասխանեցի, որ մի քանի ամիս կարող եմ փորձել, քանի որ փաստաբան դառնալով՝ ինձ պատկերացնում եմ մարդկանց խախտված իրավունքների վերականգնման դաշտում:

Հետևաբար, փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ կազմակերպչական հարցերը կարգավորելու նպատակով ապրիլի 11-ից գտնվել եմ արձակուրդում՝ տեղեկացնելով ղեկավարիս, որ արձակուրդից հետո աշխատանքից դուրս գալու դիմում եմ ներկայացնելու և հիմնելու եմ իմ ընկերությունը: Տեղեկացնում եմ, որ արդեն դուրս եմ եկել աշխատանքից ու հիմնել եմ «Քո պաշտպանը» անվանումով ընկերությունը, որը զբաղվելու է քրեական արդարադատության խնդիրներով, իսկ գլխավոր թիրախում դատական սխալներն են լինելու:

Ինչ վերաբերում է ՊՎԾ-ում իմ աշխատանքին, ապա ինձ համար մեծ պատիվ է եղել թեկուզ խիստ ժամանակավոր աշխատել սկզբունքային հեղափոխական ու պետական գործչի՝ Դավիթ Սանասարյանի ու ՊՎԾ-ի աշխատակազմի հետ:

Հ.Գ. ՊՎԾ-ի վերակազմավորման հետևանքով այլևւս լրատվության բաժին չի լինելու: Մամլո խոսնակի պարտականությունները կատարելու է ՊՎԾ ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ