2018 թվականի դեկտեմբերի 18-ին Ջերմուկ համայնքի ավագանին հավանություն էր տվել համայնքի բնակիչների՝ ավագանուն ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերությունը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«ԶԼՄ-ներում և հանրային այլ հարթակներից հնչեցվեց, որ նշված որոշումը կայացվել է Ջերմուկի բնակիչների մոտ 3000 ստորագրությունների հիման վրա: Թեև ավագանու որոշումը ոչ իրավաչափ էր համարվել կառավարության ներկայացուցիչների կողմից, այդուհանդերձ հանրային տարբեր հարթակներից շարունակում են հնչել հղումներ այս ստորագրահավաքին՝ որպես Ամուլսարի ազդակիր Ջերմուկի բնակիչների ծրագրին դեմ լինելու վկայություն: Քանի որ «3000 ստորագրությունների» փաստարկը շարունակում է շահարկվել, հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ համայնքներում հանդիպումների եւ պարզաբանումների, ինչպես նաեւ ստորագրությունների վերլուծության արդյունքում պարզվել է հետեւյալը.
Նախ՝ ընդհանուր ստորագրությունների քանակը 2654 է՝ հայտարարված 3000-ի փոխարեն:
Բացի այդ, ստորագրություններից.
322-ը Հեր-հեր/Կարմրաշեն, նաեւ Կոտայքի մարզի, կամ Էջմիածին, Գյումրի, Երեւան եւ Ամուլսարի ծրագրի ազդակիր չհանդիսացող գյուղերից եւ քաղաքներից են
111 ստորագրություններ կրկնված են տարբեր էջերում
325 քաղաքացիներ նշված հասցեներով չեն բնակվում
Առկա է 60 անչափահասի ստորագրություն
Քաղաքացիներից շատերը նշել են, որ տեղյակ չեն, թե ովքեր են ստորագրել իրենց փոխարեն, և կամ նրանց խնդրել են Ամուլսարի ծրագրին կողմ լինելու դեպքում պլյուս դնել, ինչը հետագայում ներկայացվել է որպես հանրագրին աջակցող ստորագրություն:
Հարկ ենք համարում նշել, որ անկախ որևէ ստորագրահավաքի արժանահավատ լինելուց կամ չլինելուց, Ամուլսարի ծրագիրը ստացել է բոլոր թույլտվությունները ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերի լիարժեք համապատասխանությամբ, այդ թվում՝ պատշաճ հանրային լսումներ անցկացնելուց հետո: Ավելին՝ թեեւ ՀՀ օրենսդրությունը չէր պահանջում հանրային լսումներ իրականացնել Ջերմուկում, սակայն Լիդիանը՝ որպես միջազգային չափանիշներով աշխատող ընկերություն, հանրային քննարկումներ է անցկացրել նաև Ջերմուկում, հայաստանյան և արտերկրյա մասնագետների մասնակցությամբ՝ ներկայացնելով Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատականը և ստանալով բազմաթիվ ջերմուկցիների հավանությունը:
Ամուլսարի ծրագիրն ունի բոլոր օրինական թույլտվությունները, և ծրագրի ճանապարհների շրջափակումը ապօրինություն է: Վերը բերված տեղեկությունը հանրությանն ենք ներկայացնում պարզապես ի գիտություն, քանի որ դրանք ևս մեկ անգամ փաստում են, որ ապատեղեկատվության հեղինակները զերծ չեն մնացել փաստերի աղավաղումից նույնիսկ իրավական հիմք չունեցող ստորագրահավաքի դեպքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը