Հայաստանում հազարների է հասնում մարդկանց թիվը, որոնք գործազուրկի կարգավիճակ են ձեռք բերել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Խոցելի խումբ դարձած այդ անձանց վարչապետը մշտապես խոստումներ է տալիս, որոնք, սակայն, չեն կատարվում։
Լոռու ամենախոշոր երկու աշխատատեղերը՝ Թեղուտի հանքավայրն ու Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը չեն աշխատում, ինչը բազմաթիվ ընտանիքների զրկել է ապրուստի միջոցից։
Տարեվերջին՝ նոյեմբերի 27-ին, երբ Նիկոլ Փաշինյանին պետք էին ալավերդցիների ձայները՝ կրկին վարչապետ աշխատելու համար, Ալավերդիում քարոզարշավի շրջանակներում անդրադարձավ Թեղուտի հանքավայրի խնդրին, խոսեց պոչամբարի վնասվածքից մինչև հանքավայրի գրավադրում և նոր ներդրողի ներգրավում: Ամեն ինչ բացատրեց, ինքը հարց տվեց, ինքն էլ պատասխանեց, իսկ վերջում ավետեց՝ մեկ-մեկուկես ամսից Թեղուտը կաշխատի, որտեղ կաշխատեն Ալավերդու պղնձաձուլարանի փակման արդյունքում գործազուրկ դարձածները։
Անցավ մեկ ամիս, հետո երկու, հետո երեք, չորրս, հինգերորդ ամսում՝ մարտի 28-ին, վարչապետը կրկին խոսեց Թեղուտի մասին, այս անգամ՝ ԱԺ ամբիոնից ու դարձյալ ավետեց՝ մեկուկես-երկու ամսից կսկսի աշխատել։
Դարձյալ հստակություն չկա։ Փաստորեն, վարչապետի ասած տնտեսական հեղափոխությունը գալիս-գալիս է ու չի հասնում տեղ։ Վաղը կարող են հայտարարել, որ արդեն հասել է, հետո՞ ինչ, որ Թեղուտը դեռ չի աշխատում։ Իսկ չէ՞ որ նրանք չեն խոստացել, որ տնտեսական հեղափոխությունը զուգորդվելու է աշխատատեղերի բացմամբ։
Ինչպես ասում են՝ բարի գալուստ նոր Հայաստանյան իրականություն, որտեղ երկրի ղեկավարն ինքն արժեզրկում է սեփական խոսքը՝ չարդարացված սպասելիքներ ձևավորելով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը