09 04 2019

Առաջարկվում է զորացրված զինծառայողներին տրամադրել անվճար բուժօգնություն

Առաջարկվում է զորացրված զինծառայողներին տրամադրել անվճար բուժօգնություն

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է՝ զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակված կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, պետության կողմից կստանան պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում։

Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ 

Դա, ըստ նախագծի հեղինակների, կնպաստի զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձանց պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք, որ Կառավարությունը մարտի 29-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում է զորացրված զինծառայողների առողջական համալիր փորձաքննությանը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ նախատեսվում էր օրենքով ամրագրել, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնում են առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն՝ զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան արձակվելուց մեկ օրացուցային ամսվա ընթացքում: Եթե պարզվի, որ զինծառայության ընթացքում զինծառայողի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, ապա պետությունը պարտավոր է հոգալ այդ ծախսերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ